
Հայաստանի իշխանությունները նախապես տեղյակ էին Սաֆարովի արտահանձնման մասին. Հունգարահայ համայնք

ՀՀ իշխանությունները օգոստոսի 20-ից տեղյակ էին Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին:
Այս մասին «Մեդիամաքս»-ին Բուդապեշտից հաղորդել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը:
«Մենք մեր աղբյուրների միջոցով տեղեկություն էինք ստացել, որ Հունգարիան պատրաստվում է հայրենիք վերադարձնել Ռամիլ Սաֆարովին: Այդ մասին շտապ կարգով հայտնել էինք Վիեննայում գտնվող ՀՀ դեսպանությանը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը: Մենք ամեն ինչ արել էինք՝ կանխելու մարդասպանի վերադարձը Ադրբեջան»,- ասել է Ալեքս Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հունգարիայի հայկական համայնքը բողոքներ էր ուղարկել երկրի խորհրդարան եւ արդարադատության նախարարություն՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան թույլ չտալու համար:
«Կարծում եմ, որ այստեղ անելիք ուներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Մենք մեր անելիքը արեցինք, սակայն աջակցություն չզգացինք»,- եզրափակել է Ավանեսյանը:
Մեդիամաքս-ը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` Ալեքս Ավանեսյանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքով: