Ախթալայի կոմբինատում խուսափում են հարցերից

Երեկ Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների առնչությամբ 168.am-ը փորձեց որոշ տեղեկություններ ստանալ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի լրատվական բաժնից:

Նախնական տեղեկություններով` կրակողը  եղել է Ախթալայի լեռնահարստացման  կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը: Կոմբինատի լրատվության պատասխանատու Լևոն Հովհաննիսյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ինքը չի կարող որևէ մեկնաբանություն տալ կատարված դեպքի մասին, քանի որ տեղյակ չէ կատարվածից:  Վերջինս նաև նշեց, որ մինչև սեպտեմբերի 12-ն ինքը գտնվում է արձակուրդում:

Իսկ կոմբինատի տնօրեն Մադլեն Թաշչյանի գործավարուհին` Սյուզին (այդպես ներկայացավ), 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի կարող պատասխանել որևէ հարցի: Իսկ այն  հարցին, թե այսօր Արսեն Չիթչյանն աշխատանքի գնացե՞լ է, գործավարուհին պատասխանեց, որ այդ մասին  ավելի նպատակահարմար է ճշտել անվտանգության  ծառայությունից: Իսկ կոմբինատի անվտանգության ծառայության դիսպետչեր Մհերն ընդամենը պատասխանեց, որ այսօր Արսեն Չիթչյանն աշխատանքի չի գնացել, իսկ կատարվածն էլ ասեկոսե է:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիթչյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  որպես  մեղադրյալ  ներգրավելու  մասին, նրանց նկատմամբ  հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու  մասին: Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից  հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիթչյանի տնից՝  3 հատ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն»:

Տեսանյութեր

Լրահոս