«Սիվիլիթասը» զեկույց է հրատարակել խորհրդարանական ընտրությունների մասին
«Սիվիլիթաս» հիմնադրամը ուրախ է հայտարարելու իր հերթական զեկույցի հրատարակման մասին, որը նվիրված է 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին: «Ընտրություններ 2012. հայացք ներսից» խորագիրը կրող միջանկյալ այս զեկույցը կազմվելէ հայաստանյան ընտրություններին հետևած միջազգային դիտորդների, լրագրողների, վերլուծաբանների և քաղաքացիների հետ զրույցների արդյունքում: Ինչպես տարեկան զեկույցների, այնպես էլ այս զեկույցի նպատակն է ներկայացնել Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը, ընթացիկ և հնարավոր զարգացումները:
Զեկույցի նպատակն է նաև ներկայացնել երկարաժամկետ տեսլականը և քաղաքական զարգացումների հեռանկարը թե՛նրանց, ովքեր կառավարում են, թե՛ նրանց, ովքեր ձգտում են կառավարել և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Ներկայացնելով փոփոխվող ընտրական միջավայրի, ընտրական գործընթացների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների դիտարկումների ու եզրակացությունների մասին տեղեկատվությունը՝ զեկույցը կարող է օգնել ավելի լավ հասկանալու, թե ինչ տեղի ունեցավ և ինչ տեղի չունեցավ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, և ինչ սպասումներ կարելի է ունենալ առաջիկա նախագահական ընտրություններից:
Եվ, վերջապես, այս զեկույցը նպատակ չունի գնահատել գործընթացներն ու դրանց արդյունքների լեգիտիմությունը: Ընտրությունների օրվա մանրամասները կարելի է գտնել այլ աղբյուրներից: Զեկույցի նպատակն է ներսի հայացքով ներկայացնել հայաստանյան գործընթացների ընդհանուր պատկերը:
Գործունեության առաջին տարվանից «Սիվիլիթաս» հիմնադրամը հրատարակել է տարեկան զեկույցներ Հայաստանի տնտեսական և քաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այսպես՝ 2008թ. Սիվիլիթասը հրատարակեց «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն», որին հաջորդեցին «Հայաստան 2009. խոստում և իրականություն», «Հայաստան 2010. անորոշության տարի» և «Հայաստան 2011. առանց պատրանքների» խորագրերով տարեկան զեկույցները: «Սիվիլիթաս» հիմնադրամի 2012 թվականի տարեկան զեկույցը կհրապարակվի տարեվերջին: