Սյունյաց գլխավոր արծիվը` «պադվալներում» հորինված լուրերի մասին
Անդրադառնալով ժամանակ առ ժամանակ շրջանառվող լուրերին, ըստ որի` Սյունիքի մարզպետ է նշանակվելու «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Ասրյանը, վերջինս 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ես բազմիցս նշել եմ, պատասխանել եմ այդ հարցերին, որ դրանք զուտ պադվալներում հորինված խոսակցություններ են, նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն, և ես շարունակում եմ ինձ վստահված պետական աշխատանքը լիարժեք կատարել: Ավելին` շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, և բացառվում է իմ կողմից նման խոսակցությունների տեղիք տալը, տոն տալը՝ մարզպետի պաշտոնի հետ կապված: Ավելին` բոլորս էլ շատ լավ տեսնում ենք, որ Սյունիքն ունի մարզպետ, այն ղեկավարում է Սյունիքի մարզպետը: Ուղղակի այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Իսկ թե որո՞նք են Սյունիքի մարզպետի առավելությունները` ի տարբերություն մյուս մարզերի ղեկավարների, Խ. Ասրյանը պատասխանեց. «Արդեն իսկ Դուք նշեցիք, որ Սյունիքի մարզպետն առավելություններ ունի, կարծում եմ` հենց հարցն էլ այդպիսին է: Սյունիքի մարզպետին ճանաչում եմ 90-ականների սկզբից: Երկուսս էլ գորիսեցի ենք, և այն ժամանակ ես ավելի երիտասարդ էի: Հենց ազգային-ազատագրական պայքարից, Արցախյան հերոսամարտից… Այնպես որ` Սուրիկ Խաչատրյանը բավական լուրջ կամային հատկանիշներ է ձեռք բերել՝ այդ ճանապարհն անցնելով, և կարծում եմ, որ հենց Սյունիքի մարզը լիարժեք ղեկավարելու գրավականներից մեկը նաև Սյունիքի մարզպետի կամային հատկություններն են»:
«Արդյո՞ք այդ «կամային հատկությունների» մեջ մտնում են մարզպետի՝ կին ծեծելու, ինչպես նաև՝ այլ ոտնձգությունները, որոնք բազմիցս հրապարակվել են մամուլում» հարցին Խ. Ասրյանը պատասխանեց. «Դրանց մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինքը` մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, այդ հարցերին տվել է լիարժեք պատասխան»: