Բաժիններ՝

Հերթը հասավ Unicredit-ին

Իտալական ամենախոշոր բանկը կասկածվում է Իրանի հետ ապօրինի գործարքներում։ ԱՄՆ իշխանություններն արդեն հետաքննություն են սկսել այս առիթով։

Unicredit-ի որոշ փաստաթղթերում չի նշվում այն երկրի անունը, որի ընկերությունների հետ բանկը գործարքների է գնացել։ Սակայն Financial Times-ը գրում է, որ ըստ իր աղբյուրների, խոսք է գնում հենց Իրանի մասին։ ԱՄՆ սկսել է բանկի գործարքները քննել դեռ 7 ամիս առաջ, և մինչ օրս բանկին հաջողվել է այս թեման լրագրողներից գաղտնի պահել։

Վերջին երկու ամսվա ընթացքում սա արդեն 4-րդ բանկն է, որին ամերիկյանիշխանությունները նման մեղադրանք են առաջադրում։ Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ հետաքննություն է ընթանում Royal Bank of Scotland բանկի դեմ։ Ավելի վաղ իրեն մեղավոր էր ճանաչել Standard Chartered –ը՝ համաձայնելով որպես տուգանք վճարել 340 միլիոն դոլար։ Հուլիսին պատժամիջոցների խախտման մեջ մեղավոր էր ճանաչվել Եվրոպայի խոշորագույն բանկը՝ HSBC-ն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի հետ գործարքներ իրականացնելու համար աղմուկ բարձրացավ նաև որոշ հայաստանյան բանկերի շուրջ։ Մասնավորապես, Reuters գործակալությունը հոդված էր հրապարակել, ըստ որի հայաստանյան մի շարք բանկեր համագործակցում են Իրանի հետ՝ անտեսելով այդ երկրի նկատմամբ գործող պատժամիջոցները։ ՀՀ Կենտրոնական բանկը հերքեց այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ հայաստանյան բանկերը չունեն թղթակցային հարաբերություններ Իրանում գրանցված բանկերի հետ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս