«Ավելի լյավ ա բոթուլ հըվաքիմ, քան ծեռքըս մեկնիմ փող հըվաքիմ». ասում է 74-ամյա արցախցի պապը
Ստեփանակերտի Այգեստան գյուղի ճանապարհին պատահաբար հանդիպեցի Սուրիկ պապիկին, ով, պարզվեց, բավական հայտնի է իր «տաչկայով»: Սուրիկ պապիկի «տաչկան» աչքի է ընկնում իր նորաձևությամբ: Նա իր «տաչկայի» չորս կողմերում տեղադրել է ձայնասկավառակներ, որոնք չեն ծառայում որպես դիզայներական աշխատանք: «Հիբը վըր մաշինները կյամ ըն, լուսերն ընգնում ըն էս դիսկերի յերա, ու տի ինձ տըսնում ճանապարհին»,- բացատրում էր Սուրիկ պապը: Նա ամբողջ օրը քայլում է իր «տաչկայով» ու հիմնականում զբաղվում է շշեր հավաքելով: Օրվա վերջում հավաքած շշերը հանձնում է շշերի ընդունման կետ: «Դե 10, 20, 30 դրամավ հանձնում ըմ բոթլըները: Գյուղացու կյանքը մտ ալ տժվար ա, բայց քաղաքացու կյանքից, հաստատ, լյավ ա: Գյուղում անընդհատ դվիժենի, շարժում կա»,- «տաչկայի» ձողից բռնելով` խոսում էր պապը, հետո սկսում պատմել իր կյանքի մասին: Արցախցի պապիկի երեք որդիները մասնակցել են Արցախյան պատերազմին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Սուրիկ պապը սկսել է զբաղվել շշեր հավաքել-հանձնելու գործով: «Սովետից հետո մինչև մի հենգ ես բոթուլըմ հըվաքում, քան վըզըս ծըռիմ, փող հըվաքիմ, որ հետո մինն ալ կյա ուշունց տա ինձ: Մինչը միհենգ ես մագազիններում պարտք չոնիմ: Ասած ղարաբաղցին` ես իմ յուղով տապակվում եմ: Ջուբերս ալ փողավ լիքն ըն: Օզումը ը՞ս ցուց տամ»,- ծիծաղելով ասաց 74-ամյա պապը` տխուր նայելով գյուղի փոշոտ արահետին:
Նրա ասելով` օրական մոտ 50 կիլոմետր քայլում է, բայց հոգնություն չի զգում: «Իմ հոգնելս գիդումըս վը՞րն ա. վըր օրվա մեջ նըստում ըմ մի 15-20 րոպե հաց օտում, այ էդ վախտ ըմ հոգնում»,- նկատեց պապը:
Երբ հարցրի, թե ի՞նչ է կյանքն իր համար, նա մի տեսակ լրջությամբ դարձավ դեպի ինձ, ապա աչքերը խոնարհելով պարկի մեջ հավաքած շշերին` պատասխանեց. «Դե, մարդ կա բոթուլ հըվըքելավ ա ապրում, էն մյուսը` բիզնեսավ, էն մինը` կարտոշկա հըվըքելավ: Ամեն մարդ իրա հետի ապրում ա, էլիգ տի` մինչև կյանքի վերջ: Մարդ միշտ չըրչըրվում ա: Կյանքում մընում ա մի պեն` լավ անուն, եթե օնիս էդ անունը»: Սուրիկ պապը խոսքն ավարտելով` շտապեց դեպի գյուղի շշերի ընդունման կետ:
Մ.Մ.
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի