Ընդունել Լևոն Զուրաբյանին կամ դառնալ վաշխառու

Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսում ակնհայտորեն ներքին խմորումներ են ընթանում: Խորհրդարանական ընտրություններից հետո իրար հետևից մի քանի առանցքային գործիչներ դուրս եկան ՀԱԿ-ից, տարաձայնություններ դրսևորվեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարության  ընտրության ժամանակ, գրեթե ամեն օր դեռևս ՀԱԿ-ում գտնվող գործիչներն իրենց դժգոհությունն են հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ…

ՀԱԿ պաշտոնական ղեկավարությունը, որը ներկայումս, չհաշված Լևոն Տեր-Պետրոսյանին, ասոցիացվում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ, ըստ էության, դեռևս խուսափում է Կոնգրեսի ներսում ընթացող պրոցեսների վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններից: Իրեն սահմանադրական կարգի վերականգնման ու Հայաստանում ժողովրդավարության հաստատման ջահակիր համարող ՀԱԿ-ն այսօր, առավել քան երբևէ, պատված է գաղտնիության քողով: Նույնիսկ իշխանական ուժերն այսօր ավելի հրապարակային են, քան ՀԱԿ-ը: Ակնհայտորեն, Կոնգրեսում ինչ-որ վերափոխումներ են ընթանում, որի նպատակը, թերևս, այդ կառույցի հիերարխիայում դերերի հստակեցումն է:

Տևական ժամանակ է` ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստեր է գումարում, որի վերաբերյալ հրապարակվող առավելագույն տեղեկատվությունը սահմանափակվում է մեկ-երկու նախադասությամբ. «Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Նիստում շարունակվել է  Կոնգրեսի կազմակերպական ու կառուցվածքային հարցերի շուրջ քննարկումը»: Թե ի՞նչ «կազմակերպական ու կառուցվածքային» հարցեր են դրանք, բնականաբար, չի մասնավորեցվում: Բայց, եթե դրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀԱԿ քաղխորհրդի գրեթե բոլոր նիստերը վարում է Լևոն Զուրաբյանը, ապա ամեն ինչ ավելի պարզ է դառնում:

ՀԱԿ-ում ներկայումս, ըստ էության, տեղի է ունենում Լևոն Զուրաբյանի «թագադրման» գործընթաց, իսկ բոլոր նրանք, ովքեր համարձակվում են ընդդիմանալ դրա հետ` «ինքնամաքրվում» են:  Եվ հակառակը` ՀԱԿ-ում շարունակում են մնալ այն ուժերը, որոնք կամ որոնց ղեկավարներն անցնում են Լևոնի (Տեր-Պետրոսյան կամ Զուրաբյան) «թրի տակով»: Օրինակ, «Հայրենիք և Պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը վերջին շրջանում բազմիցս հանդես է եկել ԲՀԿ-ի հետ համագործակցությանն ուղղված քննադատությամբ: Ավելին, նա ասել էր, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է համագումար հրավիրել` ՀԱԿ-ում մնալու նպատակահարմարության հարցը որոշելու համար:

Եվ ահա, երեկ տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո, Գառնիկ Մարգարյանը հայտարարում է, որ շարունակելու են իրենց գործունեությունը Կոնգրեսի շրջանակներում: Սակայն նրա բերած փաստարկների մեջ քաղաքական որևէ հիմնավորում չկա, և ամեն ինչ հանգում է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտամունքին: «ՀԱԿ-ը հանրապետությունում միակ ընդդիմադիր ուժն է: Հայաստանում ուրիշ ընդդիմություն չկա: Եթե հանրապետությունում մի ուժ ասի, որ ինքն ընդդիմություն է, ուրեմն դա կեղծիք է: Ուստի, որոշեցինք մնալ ՀԱԿ-ի կազմում, հակառակ դեպքում ՀԱԿ-ից դուրս գալը կնշանակեր՝ գնալ այս հանցավոր ռեժիմի հետևից:

Որոշում է կայացվել մնալ ՀԱԿ-ի կազմում և աշխատել օգնել ու հուշել այդ կառույցին՝ վերացնելու սխալներն ու թերությունները և տանել ռեժիմից ազատվելու ճանապարհով»,- aravot.am-ին ասել է Մարգարյանը` ավելացնելով, որ «անհրաժեշտ է շարունակել ճանապարհը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»: Կարելի է կարծել, թե, ասենք, քաղխորհրդի նիստում ՀԱԿ այլ անդամները նրան տարհամոզել են, հիմնավորել են, որ «Հայրենիք և Պատիվը»  սխալվում էր իր գնահատականներում: Ամենևին՝ ո՛չ, Գ. Մարգարյանը շարունակում է պնդել իր մոտեցումները:

«Սխալներ ու թերություններ բոլորն էլ ունենում են, մենք պիտի օգնենք՝ ուժեղացնենք ՀԱԿ-ը և գնանք համապետական ընտրությունների»,- ասում է Գ. Մարգարյանը ԲՀԿ-ի հետ համագործակցությունն իրենց կողմից քննադատելու հիշեցմանն ի պատասխան՝ ավելացնելով. «Հիմա էլ եմ դեմ, բայց դա մեր կուսակցության մոտեցումն է, Կոնգրեսն այլ ճանապարհ է ընտրել, հիմա թող շարունակեն, գուցե կօգնի գործին: Մեր գնահատականն այն է, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ մյուս կուսակցություններն իշխանության հենարանն են եղել և մնում են»: Իսկ ի պատասխան հարցին, թե այդքանից հետո շարունակո՞ւմ են հավատալ ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, Գ. Մարգարյանն ասել. «Ես առաջին հերթին՝ մեր կառույցին եմ հավատում, մեր կուսակցությանը, որ արդեն տասը տարի գործում է:

Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա 2007-ին, դա ամեն մեկը չէր կարող վերցնել: Որտե՞ղ են այն «հայտնի» գործիչները… իշխանության գրպանում են, վաճառվեցին, վաշխառուներ են: Իսկ Տեր-Պետրոսյանը կարողացավ այդ ուժը ձևավորել, ուստի նրա հետ անհրաժեշտ է ճանապարհը շարունակել»:  Խնդիրն, իհարկե, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը չէ, ոչ էլ Գառնիկ Մարգարյանը, այլ այն մթնոլորտը, որում «Կոնգրեսն ուժեղացնում է իր շարքերը»: Գ. Մարգարյանի հայտարարությունների նույնիսկ բառապաշարը հուշում է, որ ՀԱԿ-ում իրեն հասկացրել են` դուրս գալու դեպքում արժանանալու է «իշխանության գրպանում գտնվող, վաճառված վաշխառու» պիտակավորմանը: Իսկ որ ՀԱԿ-ի մոտ ամենալավը ստացվում է իր երբեմնի անդամներին վարկաբեկելը` բազմիցս է ապացուցվել:

Թե ի՞նչ «կառուցվածքային» վերափոխումներ են տեղի ունենալու ՀԱԿ-ում, պարզ կլինի, ամենայն հավանականությամբ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կոնգրեսի կազմում դեռևս մնացել են մի քանի գործիչներ, ովքեր համարձակվել են քննադատել «քաղաքագիտական վերլուծությունը»:

Տեսանյութեր

Լրահոս