Մ-4 միջպետական ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի մեկ ամսից
ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով աշխատանքային այցով այսօր գտնվում է Տավուշի մարզում, գոհ է Մ-4 միջպետական ավտոճանապարհի մի հատվածում կատարվող նորոգման աշխատանքներից (Դիլիջանի թունելից մինչև Դիլիջան քաղաքի սկիզբը՝ 86կմ), նշելով, որ կարևոր է ճանապարհների բարձր որակը:
Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են շուրջ 15 օր առաջ և կավարտվեն նախանշված ժամկետից երկու ամիս ավելի շուտ` սեպտեմբերին: Այս ճանապարհի անցանելիությունն ու որակը շատ վատ վիճակում էր գտնվում, քանի որ ջրահեռացման համակարգը լավ չի գործում, բացի այդ, այս հատվածը սողանքային գոտի է:
Նշենք, որ Դիլիջանի թունելից մինչև քաղաքի կենտրոն ձգվող ճանապարհը վերականգնվել էր 2003թ.-ին «Լինսի» հիմնադրամի միջոցով: Ինտենսիվ երթևեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում ճանապարհային «հագուստը» մաշվել էր` առաջացնելով անթույլատրելի չափերի նստվածքներ, փոսեր և անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգում կատարել:
Օգոստոսի 2-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում են «Խաչհար» և Իջևանի ճանապարհների շինարարության շահագործման ձեռնարկությունների կոնսորցիումը: