Չափազանց իրար մոտ կառուցվող բազմահարկերը պոտենցիալ վտանգ են. Սեյսմոլոգ
Երկրաշարժերը և տարածաշրջանը «փոխկապակցված երևույթներ են», հետևաբար, տարածաշրջանային սեյսմիկ ակտիվությունն էլ փոխկապակցված է,- ասում է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը:
Անցած տարի հոկտեմբերին Վանի, ապա Ադրբեջանի, Իրանի ուժեղ երկրաշարժերը սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը համեմատում է 88, 89, 91թթ. երկրաշարժերի հետ, երբ համապատասխանաբար ուժեղ երկրաշարժեր գրանցվեցին Հայաստանում, Վրաստանում, ապա Իրանում:
Կավարտվի՞ սեյսմիկ ակտիվության վերջին շրջանն՝ արդեն տեղի ունեցած երեք երկրաշարժերով, թե՞ կլինի նաև չորրորդը, գիտնականը չի կարող ասել, սակայն ասաց, որ եթե, Աստված մի արասցե, չորրորդ հարվածը լինի Հայաստանում՝ մայրաքաղաքի մոտ, ապա Երևանի բնակֆոնդի մոտ 80%-ը լիովին կփլուզվի: Այսինքն՝ կկանգնենք այնպիսի մի ազգային աղետի առաջ, որը հաստատ չենք «մարսելու»:
Վլադմիր Բալասանյանն առաջարկում է պատկերացնել, թե համազգային ինչ աղետի մասին է խոսքը. «Ես չասեմ, դուք ասեք՝ հանրապետության ո՞ր մասն է տեղավորված Երևանում՝ առնվազն մեկ երրորդը, եթե հավատանք պաշտոնական տվյալներին: Այսինքն՝ մեկ միլիոն մարդ ու դեռ մի քիչ էլ ավելի»:
Սեյսմոլոգի ոչ մխիթարական կանխատեսումների հիմքում այն է, որ չնայած էլիտար շինարարությանը, երևանյան շենքերի մոտ 70-80%-ը խորհրդային կառույցներ են, որոնք արդեն պիտանի չեն իրենց ամորտիզացիայով և կառուցվել են այն ժամանակվա սեյսմիկ քարտեզի իրողությամբ, այսինքն՝ 7 բալ հաշվարկով:
«Եվ վերջապես, այս տարիներին շահագործման ընթացքում ինչ ասես չարեցին. նկուղային հարկերում խանութներ, սաունաներ, ռեստորաններ, հազար ու մի բան են կառուցել: Նաև բնակիչներն էլ հետ չմնացին ու իրենց բնակարանների հետ արեցին հազար ու մի բան»,– ավելացրեց նա:
Սեյսմոլոգը, կարծես թե, այնքան էլ լավ կարծիք չունի նոր շենքերի մասին, քանի որ ի պատասխան լրագրողի հարցին, թե էլիտար շինարարության սեյսմակայունության վերաբերյալ ի՞նչ գնահատականներ ունի, առաջարկեց, որ այդ հարցին պատասխանի Երևանի քաղաքապետարանը:
Փոխարենը, Վլադիմիր Բալասանյանը չթաքցրեց, որ էլիտար շինությունները մայրաքաղաքում շատ խիտ են: Սա, ըստ մասնագետի, բացի քաղաքաշինական նորմերի խախտում լինելուց նաև անվտանգության նորմերի խախտում է, քանի որ խորհրդային տարիների նորմատիվներով շենքերը, հատկապես, բազմաբնակարան, պետք է իրենց շուրջն ունենան լրացուցիչ տարածքներ՝ աղետների դեպքում այդ տարածքներից դուրս գալու համար:
Վլադմիր Բալասանյանը՝ լրագրողների միջոցով «իշխանության գլխին» կանգնած մարդկանց առաջարկեց ավելի լուրջ վերաբերվել սեյսմիկ խնդիրներին, իսկ ավելի կոնկրետ՝ իր առաջարկին, իրականացնել շենքերի ամրապնդում՝ ռետինե, մետաղական ամորտիզատորների միջոցով: Նման նախադեպ 90-ականներին եղել է և հայ գիտնականները այս եղանակով մի քանի շենքեր են ամրացրել Վանաձորում, Երևանում:
Շենքի հիմքում տեղադրվող ամրանները (առանց բնակիչների տարհանման) որոշակիորեն նվազեցնում են սեյսմիկ ալիքները: Պիլոտային այս ծրագրերը ժամանակին արվել են, սակայն հետո ֆինանսավորումն ավարտվել է: Վերջին անգամ նման եղանակով մասնավոր միջոցներով ամրացվել է մայրաքաղաքի Պուշկինի անվան դպրոցը:
Գիտնականը գտնում է, որ անհրաժեշտ միջոցները կամ ավելի ճիշտ՝ այդ աշխատանքներն իրականացնելու պարտավորությունը պետությունը պետք է դնի համատիրությունների վրա:
«Դուք գիտե՞ք ժեկը ձեզնից ինչի՞ համար է փող հավաքում: Չգիտեք։ Շենքերի բարեկարգման համար»,- հավելեց Վլադիմիր Բալասանյանը: