«Բանկերը գյուղացուն վարկ են տալիս ոչ թե օգնելու, այլ ճահճի մեջ ավելի թաղելու համար»
Հայաստանում գործող 21 բանկային կազմակերպություններից մոտ 15-ը գյուղատնտեսական վարկեր են տրամադրում: Գյուղացիները տարվա բոլոր եղանակներին կարող են ձեռք բերել գյուղատնտեսական վարկեր՝ 6 ամսից մինչև 5 տարի ժամկետով: Վարկի չափը և տոկոսադրույքները տարբեր են` 14-24 տոկոսի սահմաններում: Գյուղացիական տնտեսությունները կարող են վարկեր ստանալ նաև առանց գրավադրման՝ 2-3 երաշխավորների միջոցով: Դա կախված է անձի վարկային պատմությունից (վարկառուն չպետք է ունենա ժամկետանց վարկային մարումներ), ունեցած տնտեսությունից, ստացած եկամտից: Առանց գրավադրման` գրավառուն կարող է մինչև 1.500.000 դրամ գումար վերցնել: Այս դեպքում բանկի տոկոսադրույքն առավել բարձր է:
Գյուղատնտեսական նշանակության վարկերի թեման արդիական է դարձել հատկապես վերջին տարիներին: Մի կողմից՝ շատ է խոսվում գյուղատնտեսության վարկավորման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ գնալով ավելի է մեծանում սնանկացող, իրենց հողատարածքներն ու տները ժամկետանց վարկերի պատճառով կորցնող գյուղացիների թիվը: Իրենք՝ գյուղացիները, «բանկ» հասկացությունից արդեն իսկ վախենում են և խորշում են բանկերի հետ որևէ առնչություն ունենալուց:
«Անունը կա՝ ամանում չկա»,- գյուղատնտեսական վարկերի մասին մեզ հետ զրույցում ասում էին գյուղացիները` պնդելով, որ բանկերն իրականում իրենց վարկ չեն տրամադրում: Հայաստանյան բանկային որևէ կազմակերպություն այսօր գյուղացուն վարկ չի տրամադրում՝ տան, հողամասի գրավադրման դիմաց: Ըստ գյուղացիների` բոլորը գյուղացուց պահանջում են գործող բիզնես կամ կայուն այլ կապիտալ ներկայացնել: Դա, ըստ գյուղացիների, անհիմն պահանջ է: Գյուղացին այդ վարկի պահանջն ունի, քանի որ բավարար միջոցներ չունի հողը մշակելու, սեփական ուժերով ոտքի կանգնելու համար: Եթե գյուղացին կայուն կապիտալ, կողքից էլ` բիզնես ունենար, ապա ոչ մի դեպքում չէր դիմի բանկերի աջակցությանը: «Այսօր վարկ տալիս են՝ սիմպատիայից ու հովանավորի խոսքից ելնելով: Եթե մեկը չասի, որ գիտի դիմացինին, որ նա կարող ուժ է վճարելու համար, բանկի աշխատակիցներն անգամ չեն էլ գա մեզ հետ զրուցելու»,- ասաց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Արմավիրի մարզի գյուղացիները պատմեցին, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում կա մի մարդ, ով գյուղացիների մասին բանկի աշխատակիցներին տվյալներ է տալիս: Ըստ գյուղացիների` եթե կա այդ մարդու հովանավորությունը, ապա գյուղացին վարկ կարող է ստանալ, բայց ոչ թե այնքան, որքան գյուղացուն է անհրաժեշտ, այլ այնքան, որքանի երաշխիք տվյալ անհատը տալիս է: Գյուղում գործում է երաշխավորներով վարկ ստանալու տարբերակը: Ըստ գյուղացիների` այդ տարբերակի պատճառով մի քանի գյուղացիների գործերն արդեն դատարանում են: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են երաշխավոր կանգնում, արդյո՞ք վստահ են, որ այդ մարդը կարող է մարել վերցված գումարը, Արմավիրի մարզից մի գյուղացի պատասխանեց. «Գյուղացի են, չես կարող մերժել, բայց մարդիկ չարաշահում են վստահությունդ: Հիմա ես իմ վարկային պատմության մեջ, ուրիշի պատճառով, բացթողում ունեմ: Բանկում հաշվի չեն առնելու՝ ուրիշի՞ մեղքն է, թե՞ իմը: Հիմա բանուգործս թողած` պիտի դատարանների դռներն ընկնեմ»:
Գյուղացիների հետ խոսելու ընթացքում պարզ դարձավ ևս մի պատճառ, ինչը գյուղացիներին ստիպում է հեռու մնալ վարկերից: Պարզվում է` գյուղացիները վարկ վերցնելու համար վճարում են գործարքի համար անհրաժեշտ թղթաբանության, սպասարկման վարձի և այլ ծառայությունների համար: Դա, ըստ գյուղացիների, առանձին-առանձին վերցրած, քիչ գումար է կազմում, բայց, երբ ավարտվում է թղթաբանությունը, և գյուղացին ստանում է իրեն հասանելիք վարկը, պարզվում է, որ, ընդհանուր հաշվով, ընթացիկ կատարած ծախսերը բավական կլորիկ գումար են կազմում: «Բանկերը գյուղացուն վարկ են տալիս ոչ թե օգնելու, այլ այդ ճահճի մեջ ավելի թաղելու համար»,- ասաց Էջմիածնի շրջանի բնակիչ Արման Ղազարյանը: Նույն կարծիքին էին նաև բազմաթիվ այլ գյուղացիներ: Իսկ Արմավիրի շրջանի Արմավիր գյուղի բնակիչ Կարապետ Ազիզյանը 14-24 % տոկոսադրույքների մասին ավելացրեց. «Գյուղացու համար չափազանց բարձր տոկոսադրույքներ են: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե գյուղացին նման ֆինանսական-տնտեսական պայմաններում ինչպե՞ս կարող է մարել այդ վարկը: Բացի դա, ամեն տարի մի բան լինում է` կարկուտ, երաշտ, վատ սերմացու, ու այդ ամեն ինչից հետո՝ դե արի ու վարկդ փակի: Տարվա կեսերին մարդ արդեն չի իմանում՝ ի՞նչ անի, ո՞նց ընտանիքը պահի, էլ ուր մնաց՝ կարողանա այդ տոկոսներով վարկը փակել: Ուղղակի ուրիշ ելք չունենք: Չէ՛, մի ելք մնացել է՝ այս երկրից փախչելը»: