Գյուղնախարարությունն իր մեղքը գցում է բնության վրա
168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի հացահատիկի բերքի սակավությանը: Խոսելով տեղի գյուղացիական տնտեսությունների և Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի հետ, մենք հրապարակում էինք պատրաստել հացահատիկի բերքի սակավության և այդ խնդրի շուրջ գյուղացիների մտահոգությունների վերաբերյալ:
«Հացահատիկի բերքի արդյունքները գոհացնող չէին, մենք, սեփականաշնորհումից ի վեր, նման արդյունք չէինք ունեցել: Ես, այս պարագայում, առաջինը տեսնում եմ բնության մեղքը: Ձմեռը շատ դաժան էր և երկարատև: Աշնանացան սերմացուն ձմեռացման տակից նորմալ դուրս չեկան: Բացի դա, երաշտի և կարկուտի պատճառով գարնանացան գարին նույնպես լավ չստացվեց: Ջրովի հատվածներում նրանք, ովքեր հնարավորություն ունեցան ջրել իրենց ցանքատարածությունները, ինչ-որ բան ստացան: Իսկ մնացած մարդիկ ահավոր ցածր բերք ստացան: Նույնիսկ շատերը բերքահավաք չհասցրեցին կատարել, որովհետև մեջը բերք չկար: Ցանքատարածությունները, որպես խոտ, հնձվեցին: Այստեղ մասնագիտական հարց էլ կա: Նոր ներմուծվող սերմացուները պարտադիր պետք է նվազագույնը 4 տարի սորտափորձարկում անցնեին, որպեսզի կարողանայինք հասկանալ, թե դրանցից ո՞րն է հարմարվում մեր բնակլիմայական պայմաններին: Սերմացուներ կային, որոնք, գյուղացուն տալուց առաջ, նախապես, պետք է մարդկանց զգուշացնեին, որ դրանք ցածրացողուն սորտեր են: Այս սորտերը մեր պայմաններում բարձր արդյունք չեն ապահովում: Ժողովուրդը, բնականաբար, նախապես այդ մասին իմանալու դեպքում՝ նախապատվությունը կտար տեղական սերմացուին: Համենայնդեպս, տեղական սերմացու էլ չկար, ինչ էլ կար` աղտոտված էր: Սերմացուի որակի մեջ համոզվելու համար պետք է նախ՝ սորտափորձարկում իրականացնեին, հետո նոր` մասսայականացնեին: Դա Գյուղատնտեսության նախարարության մասնագիտական բացն էր»,- ասել էր համայնքապետը:
Հիշեցնենք, որ գյուղացիներին սերմացու էր տրամադրվել՝ հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները: Հողատարածքների ընտրության արդյունքում հատկացվել էր 3 և ավելի հա հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, որոնց սերմացու էր տրամադրվել` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով (http://www.arlis.am/, որոշում N 971-Ն, ընդունման ամսաթիվը` 29.07.2010): Մեր այն հարցին, թե նման ցածր բերքատվության պարագայում գյուղացիներն ինչպե՞ս են վերադարձնելու Գյուղնախարարությունից վերցրած սերմացուն, համայնքապետ Վարդան Իկիլիկյանը պատասխանեց. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարարն էլ ասաց, որ պայմանագիրը մնում է պայմանագիր: Անպայման պետք է կատարվեն պայմանագրի պահանջները: Երևի ընդառաջելու հնարավորություն կամ մեխանիզմ չկա: Պայմանագրում էլ նման կետ չկա: Բայց հնարավոր է՝ ինչ-որ բան ձեռնարկվի, որովհետև միայն մեր մարզում չէ այդ վիճակը, ամբողջ հանրապետության տարածքով է, նույնիսկ Լեռնային Ղարաբաղում է այս խնդիրն առաջացել»: 168.am-ի հերթական հոդվածը զայրացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Նյութի հրապարակումից 1-2 ժամ անց մամլո խոսնակը զանգահարեց և տեղեկացրեց, որ Գյուղնախարարության պաշտոնական կայքէջում հրապարակել են ցորենի բերքատվությանը և սերմացուին վերաբերող հոդված, որը մենք կարող ենք ընկալել՝ որպես մեր հրապարակման պատասխան:
Ի դեպ, Գյուղնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը ոչ մի կերպ չէր ժխտում այն նյութը, որը հրապարակել էր 168.am-ը: Ինչպես մենք էինք հրապարակել, երաշտ գրանցվել է ինչպես՝ ՀՀ-ում, այնպես էլ՝ ԼՂՀ տարածքում, ինչը Գյուղնախարարության հոդվածում չէր ժխտվում: «Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնասիրությունների, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2011թ. աշնանը և 2012թ. բնակլիմայական անբարենպաստ պայմանների (համեմատաբար չորային պայմաններ, օդի հարաբերական խոնավության պակաս, ցածր ջերմաստիճանի առկայություն, ձյան կայուն ծածկույթի բացակայություն՝ հարթավայրում 2012թ. փետրվարի առաջին տասնօրյակում, իսկ նախալեռնային գոտում՝ հունվարի երկրորդ տասնօրյակում) պատճառով աշնանացան ցորենի բույսերը լիարժեք չեն թփակալել, բույսի թփակալման հանգույցը մնացել է հողի մակերևույթին շատ մոտ, հանգույցում շաքարային նյութերի լիարժեք կուտակում տեղի չի ունեցել, որի հետևանքով բույսերը վատ են ձմեռել, հետագայում՝ ձյան արագ հալոցքի և ջերմաստիճանի կտրուկ բարձրացման արդյունքում՝ հողում խոնավության բացակայության, օդի ցածր հարաբերական խոնավության պատճառով բույսերը հայտնվել են երաշտային պայմաններում»,- մեջբերում ենք նախարարության պատասխան-հոդվածից: Այսինքն` նախարարությունը մեղավորությունը բարդում է բնության վրա` իրենց կողմից թույլ տրված սխալը կոծկելու համար:
Ներկրված սորտերի և դրանց ստուգումների վերաբերյալ մեկնաբանության մեջ ասվում է, թե ներկրված բոլոր սորտերն ունեցել են արտահանող երկրի կողմից տրված բոլոր անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը: Ինչպես նաև «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներմուծված էլիտային և հանրապետությունում վերարտադրված առաջին վերարտադրության բոլոր սերմացուների խմբաքանակներից վերցվել են փորձանմուշներ, կատարվել անհրաժեշտ փորձաքննությունները ու պահպանվել ստուգիչ փորձանմուշները: Ըստ Գյուղնախարարության տարածած հրապարակման` սերմերի բոլոր խմբաքանակներից վերցված նմուշները համապատասխանել են պետական չափորոշիչներին (ԳՈՍՏ 10467-76): Գյուղնախարարության հրապարակած հոդվածում նշվում է նաև, որ այս երևույթները հանրապետությունում 2012թ. արտադրվող ցորենի համախառն բերքի վրա լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ և, չնայած հանրապետությունում սպասվող միջին բերքատվության ցուցանիշի նվազմանը, կանխատեսվող համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:
168.am-ը ներկայացրել էր Շիրակի մարզի գյուղացիների և Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի կարծիքը: Բոլորը միաբերան պնդում էին, որ հացահատիկն այս տարի սակավ կլինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բույսի մշակությամբ զբաղվող գյուղացիները պնդում են, որ բերք չեն ստացել, և ընդունելով որպես փաստ՝ այն հանգամանքը, որ Շիրակի դաշտավայրը հանդիսանում է խոշոր հացահատիկ և կարտոֆիլ արտադրող մարզ, պարզ է դառնում, որ այս տարի հացահատիկի բերքի ոչ թե՝ չնչին, այլ բավական մեծ պակաս է գրանցվել:
Ստորև ներկայացնում ենք Գյուղնախարարության հրապարակած հոդվածն ամբողջությամբ. (http://www.minagro.am/am/index.php?page=news)