«Ո՞ր մի գյուղացին չի բողոքում»

Այսպես են պաշտոնյաներն արձագանքում գյուղացու հնչեցրած բողոքներին

Գարնանից հողի հետ կռիվ տվող գյուղացին ամռան այս ամիսներին է կարողանում հավաքել իր բերքը: Փետրվարի կեսերին ցանք կատարող գյուղացին, հույսով, պատկան մարմինների կողմից հնչեցված խոստումներին հավատալով, մշակում է իր հողակտորները: ՀՀ գյուղնախարարությունը գյուղացուն խոստանում է ամեն հարցով աջակից լինել, սակայն գալիս է գյուղմթերքի իրացման թեժ ժամանակը՝ հույսերը չեն արդարանում:  Գյուղացուն խաբում են, գյուղացու քրտնաջան աշխատանքը ոտքի տակ թափվում-փչանում է, իսկ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների պետքը չի: 

168.am-ին այս օրերին բազմաթիվ գյուղացիներ էին դիմել: Նրանք դժգոհություններ էին արտահայտել բերքի մթերման գործընթացից, գյուղնախարար Սերգո Կարապետյանի գործունեությունից, և այլն: 168.am-ի` գյուղացիների և ոլորտի մասնագետների բողոքը ներկայացնող հրապարակումներից հետո ՀՀ գյուղնախարարության աշխատակիցները վրդովվել էին: «Ո՞ր մի գյուղացին չի բողոքում»,- ասում է նախարարության աշխատակիցը:  Գյուղացիների դժգոհությունների, չիրացվող գյուղմթերքի, մթերման ծավալների մասին պարզաբանումների համար դիմել էինք ՀՀ գյուղնախարարության որոշ աշխատակիցների: Օրեր առաջ 168.am էին դիմել  Այրումի բնակիչները՝ բողոքով, որ իրենց մշակած դեղձը ստիպված են հանձնել գյուղնախարար Սերգո Կարապետյանի սեփականությունը հանդիսացող գործարանին` շատ էժան գնով` 60 դրամով: Պարզվում է` այդ հրապարակումն այնպես էր վրդովեցրել գյուղնախարարին և նախարարության աշխատակիցներին, որ նրանք դժկամությամբ էին պատասխանում մեր` գյուղացիներին հուզող խնդիրներին: Այն դեպքում, երբ ի պաշտոնե պարտավոր են տեղեկատվություն տրամադրել ԶԼՄ-ներին: Գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը գյուղացիների այդ բողոքները «շինծու և սարքված» որակեց` պնդելով, թե բացի գյուղնախարար Սերգո Կարապետյանի գործարանից՝ ուրիշ ոչ մի մթերող գործարան այդ տեսակի միրգը չի մթերում:

Այսօր ՀՀ գյուղնախարարության պաշտոնական կայքէջում արդեն մթերված և արտահանված գյուղմթերքի ծավալների ամփոփ հաշվետվությունն էր ներկայացված, որում նշված թվերը ոչ մի կերպ չէին կարող համապատասխանել իրականությանը: Մինչ այդ, սակայն, Գյուղնախարարի տեղակալը, մեզ հետ զրույցում, երեք օր շարունակ պնդում էր, որ գործարանների՝ գյուղմթերքի ընդունումը, դեռ նոր-նոր է սկսվում, անգամ գործարաններ կան, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, դեռ մթերման գործընթացը չեն սկսել: Հաշվետվության և այլ հարցերի մասին մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեցինք գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին: «Կռիվ եք ման գալիս»,- մեր զանգին ի պատասխան՝ ասաց նա: Ռ. Մակարյանն առաջարկեց հանդիպել և զրուցել մեզ հետաքրքրող թեմաների շուրջ: Նշանակված ժամից 40 րոպե ուշացումով, վերջապես, Ռ. Մակարյանը եկավ:

Կարդացեք նաև

Պարոն Մակարյան, բանջարեղենի մթերման գործընթացը դեռ նոր-նոր է սկսվում, արդյո՞ք մենք հասցրել ենք այս մի քանի օրվա մեջ մթերել այդ քանակությամբ բանջարեղեն: (Ըստ այդ տվյալների` 2012թ. օգոստոսի 7-ի դրությամբ՝ հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 9365.7 տոննա պտուղ-բանջարեղեն, որից՝ 8135.7 տոննա պտուղ, այդ թվում՝ 6375.3 տոննա ծիրան և 1230.0 տոննա բանջարեղեն.- Ա.Ղ.):

– Պտուղ-բանջարեղենի առումով, գործարաններն իրենց աշխատանքներն, ահագին ժամանակ է, սկսել են: Բանջարեղենի տարբեր տեսակներ կան, այսինքն` մինչև դա աշխատել են բանջարեղենի պահածոների մթերման ուղղությամբ: Հիմա արդեն սկսվել է լոլիկի մասսայական բերքահավաքը, Արտաշատի պահածոների գործարանը մեծածավալ մթերումներ է իրականացնում, Արմավիրի պահածոների գործարանը՝ Լևոն ՍՊԸ-ն,  նույնպես իրականացնում է, ՄԱՊ-ը վաղվանից կամ մյուս օրվանից կսկսի գործընթացը:

– Արդեն մթերված գյուղմթերքի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել: Ի՞նչ է արդեն մթերվել:

– Մենք ունենք ագրովերամշակման ընկերություն, որը մոնիտորինգ է իրականացնում: Պտուղ-բանջարեղեն վերամշակող կազմակերպությունների հետ ամենօրյա կապի մեջ է: Մթերված ծավալների վերաբերյալ թվերը ստացվում են գործարաններից: Իսկ արտահանման մասով սննդի արտահանման պետական ծառայությունն ամենօրյա  ինֆորմացիա է տրամադրում` արտահանված քանակի վերաբերյալ: Կայքում շաբաթը մեկ ինֆորմացիան թարմացնում ենք, որպեսզի տեսնենք, թե որքա՞ն գյուղմթերք է մթերվել կամ արտահանվել:

– Ի՞նչ բանջարեղեն է հասունացել մայիս ամսից մինչ այսօր, որ այդ քանակությամբ բանջարեղենի մթերում է կատարվել:

– Ասեցի` տվյալները կուղարկեմ: Որ ասում եմ՝ կռիվ ես անում` չես հավատում: Հիմա բանջարեղենի քանի՞ տեսակներ գիտես: Բոխի ա մթերվում, շուշան ա մթերվում, բամիա ա մթերվում: Մարինադի համար՝ վարունգ…

– Ի՞նչ կերպ է պտուղ-բանջարեղենն իրացվում:

– Երեք ձև կա պտուղ-բանջարեղենի իրացման. արտահանում, տեղական շուկայում վաճառք, մթերում: Արտահանման ծավալներն անցած տարվա համեմատ՝ ավելացել են, համարյա բոլոր տեսակի պտուղ-բանջարեղենների արտահանման ծավալներն ավելացել են: Վերամշակման մասով, ըստ կանխատեսումների, որովհետև մթերման սեզոնը սկսվել է, վերամշակող ընկերությունների պահանջարկն ենք ուսումնասիրում, թե ինչքա՞ն  պահանջարկ են ներկայացնում տվյալ տարվա համար: Անցած տարվա փաստացի մթերվածների ծավալները գերազանցում են: Մենք բոլոր կազմակերպությունների հետ  ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որպեսզի իրենց կողմից տրամադրած պահանջարկի թվերը կարողանան ապահովել: Շուտով կսկսվի նաև խաղողի մթերման գործընթացը: Իսկ մյուս  ուղղությունը, որ կատարվում է իրացումը, տեղական շուկան է: Անցած տարի` օգոստոսի սկզբից մինչև դեկտեմբերի վերջ, Կասյան փողոցում գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպեցինք, որտեղ տաղավարներ, սայլակներ, վրաններ, արտահագուստ տրամադրվեցին գյուղացուն անվճար: Գիտեք, որ հիմնական շուկաներում գործում են վերավաճառողները, ուղղակի սա այլընտրանք է գյուղացիների համար, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը վաճառել:

– Ըստ Ձեզ, գյուղացին կարո՞ղ է 2 օրվա ընթացքում վաճառել իր ապրանքը:  Դուք այդ սահմանված 2 օրը բավարա՞ր եք համարում առևտուր կատարելու համար: Ինչպե՞ս է կատարվել  հաշվարկը:

– Ուրեմն,  նախ և առաջ՝ տոնավաճառները պետք է կազմակերպվեն շաբաթ-կիրակի և տոնական օրերին: Մենք նաև ուսումնասիրություններ ենք կատարել, թե  գյուղացիները պատրա՞ստ են ամեն օր մթերք վաճառել: Իրականում գյուղացին չի կարող ամեն օր մթերք վաճառել, որովհետև տարբեր գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված լինում: Այսինքն` այդ  շաբաթ-կիրակին ամենաօպտիմալ ժամանակահատվածն է, որպեսզի գյուղացին իր մթերքն իրացնի: Բացի դրանից, մայրաքաղաքում կամ մարզերում գործում են այլ շուկաներ, այսինքն` հնարավորություն է տրվում գյուղացուն մթերքն այլ շուկաներում վաճառելու: Ուղղակի այս տոնավաճառի իմաստն այն է, որ գյուղացուն բացառապես տրամադրում է անվճար, որպեսզի գյուղացիական տնտեսություններն առանց լրացուցիչ ծախսերի կարողանան  առանց միջնորդների անմիջապես իրենց բերքն իրացնել: Դրանից և պահանջարկից ելնելով` այս կամ մյուս շաբաթ կբացենք նաև երկրորդ շուկան` «Այրարատ»  կինոթատրոնի հարևանությամբ: Գուցե նաև ավելի շատ պահանջարկի դեպքում՝ սեպտեմբերին ավելացնենք ևս մեկ տոնավաճառ:

 

Փոխնախարարի ներկայացրած տվյալները

Ռոբերտ Մակարյանը զրույցից հետո տրամադրեց այս տարվա` մինչև օգոստոսի 8-ը Հայաստանում  վերամշակման հանձնված պտուղ-բանջարեղենի օպերատիվ տվյալները: Ներկայացնում ենք այն.

Լոլիկ` 612 տ
վարունգ` 174 տ
սմբուկ` 157 տ
պղպեղ՝  48 տ
լոբի/ոլոռ`193 տ
այլ բանջարեղեն` 508 տ
խնձոր` 5 տ
դեղձ` 351տ
ծիրան` 6375 տ
կեռաս/սալոր/բալ` 393 տ
ընկույզ` 182 տ
հատապտուղ`160 տ
այլ պտուղ` 788 տ

Պատկերը զավեշտալի է, այնպես չէ՞:

 

Տեսանյութեր

Լրահոս