Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնաց անփոփոխ՝ 8%
ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է ցածր գնաճ։
2012 թ. օգոստոսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես հաղորդում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2012 թ. հուլիսին արձանագրվել է 1.5% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%` մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին:
«Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային և կայունացման միտումներ: Սակայն նախանշվեց Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձևավորման ռիսկը, ինչը կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով:
Խորհուրդը ՀՀ տնտեսության հետագա զարգացումները գնահատեց թույլ գնաճային՝ պայմանավորված առկա ցածր գնաճային միջավայրի ու տնտեսության վարկավորման շարունակական բարձր աճի ազդեցությամբ մասնավոր սպառման աճի արագացող տեմպերով, ինչը հնարավոր է կշարունակվի նաև առաջիկա ամիսներին` հանգեցնելով համախառն պահանջարկի ավելացմանը և գնաճային ներուժի ձևավորմանը:
Հաշվի առնելով առաջիկայում գնաճի` 2012 թ-ի երկրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների մեծ անկմամբ պայմանավորված ցածր մակարդակից բարձրացումը, ինչպես նաև գնաճային միջավայրի ընդլայնման վերոնշյալ ռիսկերը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձևավորվի տատանումների թույլատրելի 4% +/- 1.5 տոկոսային կետ միջակայքում»,-նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ: