ՀՀ իշխանությունն այնքան թույլ է, որ կանի այն, ինչ կասի Պուտինը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին Մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության հարցը եվրասիական գործընթացներում:

Տարբեր տեղեկությունների, նաև բազմաթիվ վերլուծաբանների համաձայն՝  իրականում Պուտինն է ստիպել Ս. Սարգսյանին ընհատել արձակուրդը և մեկնել Մոսկվա` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում ՀՀ դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու համար:

168.am-ի հարցին` ինչո՞վ կարող է պայմանավորված Ս. Սարգսյան-Վ.Պուտին այս հրատապ հանդիպումը,  ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ցանկացած միություն, հատկապես եթե այնտեղ կան տնտեսական կապերը հաստատելու կամ բիզնես կապերը բարելավելու հատկանիշներ` կարևոր է: Բայց, իմ կարծիքով՝ այս դեպքում մենք պետք նայենք Հայաստանի շահի տեսանկյունից, որովհետև այստեղ քաղաքական բաղադրիչն ավելի շատ է, քան ցանկացած այլ միությունում: Այն երկրները, որոնք արդեն պատրաստ են անդամակցել Եվրասիական միությանը, նրանք որոշ տնտեսական պայմանավորվածություն կամ մաքսային միություն ունեն: Մենք պետք է այնպես անենք, որ դա չխանգարի ՀՀ-ի եվրոինտեգրացմանը, և մեր ներքին մոդելի ստեղծմանը»:

Հ. Իգիթյանի կարծիքով՝ որևէ արտառոց բան չկա նրանում, որ Ս. Սարգսյանն ու Վ. Պուտինը հանդիպում են Ս. Սարգսյանի արձակուրդի օրերին: «Ընդհանրապես նախագահների հանդիպումներին` լինի դա պաշտոնական, աշխատանքային, հրատապ կամ ոչ հրատապ, ես նորմալ եմ վերաբերվում, եթե, իրոք, այնպես է, որ երկու կողմերն էլ ներկայացնում են ինչ-որ խնդիրներ կամ հարցեր են լուծում: Եթե ես իմանայի, որ Հայաստանը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է գնա ու հանդիպի Պուտինին և բարձրացնի այն հարցերը, որոնք կան, օրինակ՝ քաղաքական, տարածաշրջանային, դա շատ կարևոր և ողջունելի կլիներ: Օրինակ, մյուս երկրների հետ համեմատած՝ ՌԴ-ն վերջերս ավելի չեզոք դիրքորոշում է որդեգրել ԼՂՀ հիմնահարցի հետ կապված: Վերջին շրջանում նույնիսկ ռուս որոշ պաշտոնյաների կողմից ավելի շատ Ադրբեջանին բնորոշ հայտարարություններ են հնչում, այն դեպքում, երբ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Եվ եթե Հայաստանն այս հարցերը պետք է բարձրացնի Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ապա շատ լավ կլինի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ կարևոր է նաև տնտեսական հարցերի քննարկումը, օրինակ` ինչո՞ւ՝ ՌԴ սեփականության տակ գտնվող օբյեկտները ՀՀ-ում արդյունավետ չեն գործում, ինչո՞ւ ռազմական բազայի հարցը մինչև վերջ կարգավորված չէ, ինչո՞ւ կոլեկտիվ անվտանգության հարցերում ՌԴ-ն հստակ չի արտահայտվում, երբ ՀՀ-ին դրսից, մասնավորապես՝ Ադրբեջանից վտանգ է սպառնում: «Բազմաթիվ հարցեր կան: Եթե Սերժ Սարգսյանը պետք է գնա Մոսկվա և այս հարցերը բարձրացնի, նույնիսկ ապարդյուն, ապա ես կողջունեի: Բայց եթե, ինչպես նշեցիք, Պուտինն է կանչել Սերժ Սարգսյանի, որպեսզի ինքն արագացնի անդամակցությունը կամ անի կամ չանի այս կամ այն հարցը, ապա դա ոչ միայն բացասական է, այլև ստորացուցիչ է Հայաստանի համար: Չնայած՝ այն ինֆորմացիան, որ ինքս էլ ունեմ, ինձ հուշում է, որ ոչ թե ՌԴ-ն ունի Հայաստանի հետ լուծելու հարց, այլ՝ Հայաստանին ինչ-որ հարցեր ստիպելու անհրաժեշտություն կա, այդ պատճառով էլ Պուտինը Ս. Սարգսյանին հետ է կանչում է արձակուրդից և հրավիրում է Ռուսաստան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանի քաղաքական ուժերը նույնպես խուսափում են կոնկրետ դիրքորոշում արտահայտել Եվրասիական միությանն անդակացելու վերաբերյալ: Մեր հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը որևէ դիրքորոշում չի արտահայտում այս հարցի վերաբերյալ, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նույնիսկ տեղյակ չեմ՝ ՀԱԿ-ն ունի՞ դիրքորոշում, թե՞ ոչ: ՀՀՇ-ում այդ հարցը քննարկել ենք, այսպես ասած՝ կիսապաշտոնական մակարդակում, այսինքն՝ ամեն մեկն իր կարծիքն ու մտահոգությունն է արտահայտել, և կարող եմ ասել, որ ընդհանուր մտահոգությունն այն է, որ ՀՀ իշխանությունները և դիրքն այնքան թույլ է, որ, ի վերջո, ՀՀ-ն կանի այն, ինչը ոչ թե կպարտադրի, այլ՝ կասի Պուտինը: Սա մտահոգիչ է, և պետք է սրա մասին մտածենք, որովհետև շատ հաճախ ՌԴ-ն թելադրում է մի բան, որը միանշանակ չէ, որ բխում է ՀՀ շահերից»:

Տեսանյութեր

Լրահոս