Օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինին (լրացված)

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: «Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասված է տեղեկատվության մեջ:

Հիշեցնենք, որ 168.am-ի դիվանագիտական աղբյուրներն օրեր առաջ փոխանցել էին, որ իրականում Պուտինն է Ս. Սարգսյանին հրավիրել Մոսկվա` Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու նպատակով:

Ի դեպ, «Մեդիամաքս» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին, տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային հարցեր:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության հարցը եվրասիական գործընթացներում, մասնավորապես, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային, միջազգային օրակարգի խնդիրներ, իրավիճակը Հարավային Կովկասում:

Կարդացեք նաև

2012թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է $2.8 մլրդ-ը, երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է $434.8 մլն:

Տեսանյութեր

Լրահոս