Բաժիններ՝

Շառից ու «Forbes»-ից հեռու

Ֆինանսների նախարարության տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի մուտքերն աճել են 3.8%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտների գծով արձանագրվել է 2.4% անկում:

Այսպես, 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 3.8%-ով և կազմել է 156.7։ Ֆիննախը հատուկ շեշտել է, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որի գծով մուտքերն աճել են 14.8%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտները նվազել են 2.4%-ով: Այս տվյալները ներկայացված են ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։
Բյուջեի մուտքերն ու ծախսերը կներկայացնենք առանձին, սակայն առավել ուշագրավ է հենց ներմուծումից (սահմանի վրա գանձվող) ԱԱՀ-ի նվազումը։ Ուշագրավ է նրանով, որ ներմուծման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 6%-ով, և տրամաբանությունը հուշում է, որ ներմուծումից գանձվող ԱԱՀ-ն նույնպես պետք է գոնե համամասնորեն աճեր։ Սակայն տեղի է ունեցել հակառակը։
Այս փաստը միայն մեկ տրամաբանական բացատրություն կարող է ունենալ. կառավարության կողմից որոշ ընկերությունների ԱԱՀ-ի վճարման հետաձգման արտոնություն տալը։ Հիշեցնենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» վերանայված օրենքի համաձայն` ԱԱՀ-ի վճարումը հետաձգվում է դեպի Հայաստան ավելի քան 300 մլն դրամի ապրանքներ, նոր տեխնոլոգիաներ կամ սարքավորում, կամ նշված գումարը գերազանցող ներդրումային փաթեթ ներկրող ընկերությունների համար։
Արդարացվա՞ծ է, արդյոք, հարկային արտոնությունների տրամադրումը, երբ պետությունը 3 տարով հրաժարվում է միլիոնավոր դոլարներից։ Պաշտոնական մեկնաբանմամբ՝ միանշանակ՝ այո։ Հուլիսի կեսերին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ ԱԱՀ վճարումների հետաձգման արտոնություններից օգտված հայկական ընկերությունների ներդրումները երկու տարում կկազմեն 100 մլրդ դրամ։ «Դրանք մոտ 25 ներդրումային ծրագրեր են, որոնց շրջանակներում ներդրվել են ժամանակակից և համաշխարհային չափանիշներին համապատասխան արտադրություններ»,- ասել էր նախարարը։ Նա նաև տեղեկացրել էր, որ 2011 թվականին ներդրումային ծրագրեր ներկայացրած և հավանության արժանացած ընկերությունների թվում են՝ «Լիկվորը», «Ապառաժ Մայնինգը», «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկան», «Ամսթեր Ֆլաուերսը» և «Էկոտոմատոն», «Սպայկան»։
Եվ հենց այստեղ էլ սկիզբ է առնում թերահավատությունը։ ԱԱՀ-ի գծով արտոնություն ստացած «Սպայկա» ընկերությունը պետք է կառուցեր միրգ-բանջարեղենի վերամշակման նոր գործարան, ներդներ շուրջ 100 մլն դոլար (որից 40 մլն դոլարն, ըստ ընկերության, արդեն ներդրվել էր)։ Նախատեսվում էր գյուղմթերքների արտահանման ծավալը հասցնել մինչև տարեկան 70000 տոննայի և ստեղծել 450-500 նոր աշխատատեղ։
Կառավարությունն այնքան ոգևորված էր այս ծրագրով, որ նախորդ տարվա հուլիսին վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը՝ մեկը մյուսի ետևից, այցելեցին ընկերություն։ Ավելին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բառացիորեն հայտարարեց. «Մենք գոհ ենք արդյունքներից: Այս ծրագիրը ստացել էր կառավարության ու վարչապետի աջակցությունը: Ես խորհուրդ կտայի Forbes-ի վարկանիշի հեղինակին՝ ծանոթանալ ընկերության ներդրումային ծրագրին» (հիշեցնենք, որ այդ օրերին ակտիվ քննարկվում էր Forbes-ի հրապարակումը, որի համաձայն՝ Հայաստանն ունի երկրորդ վատագույն տնտեսությունն աշխարհում)։
Իսկ հիմա մեկ այլ հետաքրքիր տվյալ ներկայացնենք։ ՊԵԿ տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ «Սպայկան» ունի 127 աշխատող։ Մինչդեռ նախորդ տարվա հունիսի տվյալներով՝ աշխատողների թիվը 199 էր։ Ստացվում է, որ ընկերությունը 450 նոր աշխատատեղ ստեղծելու փոխարեն՝ կրճատել է 72 աշխատատեղ։ Շատ տպավորիչ «ձեռքբերում» է։ Էլ չենք խոսում այն մասին, որ ընկերության անունը վերջին ամիսներին հոլովվում է տարբեր խուճուճ պատմություններում՝ սկսած փաստաթղթերի կեղծումից, մինչև մթերված գյուղմթերքների համար վճարումների ուշացումը։ Իսկ սա, իր հերթին, ցույց է տալիս, թե որքանով է արդարացված կառավարության լավատեսությունը։
Այս ամենից հետո հետաքրքիր է՝ արդյո՞ք էկոնոմիկայի նախարարը կրկին խորհուրդ կտար Forbes-ի զեկույցի հեղինակին՝ ծանոթանալ այս ընկերության արդյունքներին, թե՞ կգերադասեր՝ որքան հնարավոր է շուտ մոռանալ չհաջողված օրինակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս