Վանո Սիրադեղյանի վերադարձը հնարավոր է միայն քաղաքական բանակցությունների միջոցով

168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը

Ինչո՞ւ ՀՀՇ-ն չի միանում Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալու համար սկսված նախաձեռնությանը կամ ինչո՞ւ ՀԱԿ-ը 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ իշխանություններից պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, նույնկերպ չպահանջեց քաղաքական հալածյալ Վանո Սիրադեղյանին անվտանգ Հայաստան վերադարձնել: Համամի՞տ եք արդյոք հնչող տեսակետների հետ, թե Վանո Սիրադեղյանի վերադարձին դեմ է ՀՀՇ-ն, և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը:

– Նախ՝ Լ. Տեր-Պետրոսյանը բազմաթիվ առիթներ ունեցել է և օգտագործել է իր կարծիքն արտահայտելու Վանո Սիրադեղյանի դեմ սարքված գործի անօրինականության մասին և թե նրան Հայաստանիից վտարելու մասին: Ճիշտն ասած՝ ես նման կասկածներ չեմ տեսել և համոզված եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանն այն մարդկանցից է, ով առաջիններից կցանկանար, որպեսզի Վանո Սիրադեղյանը լիներ Հայաստանում և ընդհանրապես նրա դեմ գործ սարքողներն էլ ի հայտ գային: Չեմ կարծում, որ ՀՀՇ-ում կա որևէ մեկը, ով չցանկանար, որ Վ. Սիրադեղյանի դեմ այդ հալածանքներին վերջ դրվեր և մարդուն հնարավորություն տային վերադառնալ ընտանիք, Հայաստան, ընկերների մոտ: ՀՀՇ-ն այն միակ ուժերից է, որը շատ է ցանկանում նրա վերադարձը: Բացի այն, որ մեր ընկերն է հալածվել և վտարվեց, այլ նա մեր լիդերն էր. ՀՀՇ-ն էր գլխատվել և ՀՀՇ-ն շատ թուլացել է Վանո Սիրադեղյանին որպես լիդեր կորցնելով: Իմ կարծիքը հայտնի է, ես այն արտահայտել եմ նաև այն ժամանակ, երբ վտանգավոր էր, քանի որ ինձ համար պարզ էր, որ նրա դեմ հալածանքների գործընթացը նախաձեռնված էր Ռոբերտ Քոչարյանի կողմից: Իմ կարծիքով՝ դա սկսվեց այն ժամանակ, երբ Վանոն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Ռ. Քոչարյանը հանցագործ է, ում սպասում է Հաագայի դատարանը: Դրանից անմիջապես հետո սկսվեց Վ.Սիրադեղյանի դեմ գործընթացը: Իհարկե, մենք այն ժամանակ փորձել ենք՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունը, ընդհուպ՝ անձնական բնույթի, այդ խնդիրը լուծելու համար: Առաջին հերթին փորձել ենք Վազգեն Սարգսյանի հետ, ով Վանոյին համարում էր ոչ միայն ընկեր, այլև քաղաքական մեծ գործիչ: Ցավոք, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով՝ գրեթե հասել էր դրական արդյունքի՝ դադարեցվեց: Իմ անձնական կարծիքով, որը որևէ ձևով փաստարկված չէ, Սերժ Սարգսյանը որպես անձ որևէ բան չուներ Վանո Սիրադեղյանի դեմ: Եվ ես մտածում էի, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո, հնարավոր կլիներ Սերժ Սարգսյանի հետ որոշ զրույցներից հետո լուծել այդ հարցը: Իմ կարծիքով՝ հենց այդպես էլ կլիներ, եթե 2008 թվականին այդ մթնոլորտը չստեղծվեր և տեղի չունենար Մարտի 1-ը: Մենք ի՞նչ ենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերադառնա, և եթե կա մարդ կամ մարդիկ (նկատի չունեմ ո’չ հանուն Վ. Սիրադեղյանի վերադարձի ստեղծված նախաձեռնությանը, ո’չ էլ ՀԱԿ-ին), ովքեր ուզում են լուծել ինչ-ինչ հարցեր, և այդ նպատակի համար օգտագործում են նաև Վ. Սիրադեղյանին որպես քաղաքական դիվիդենտ կամ դրոշ սարքելով, դա իրենց գործն է: Կարող են անել: Բայց եթե մենք, իրոք, ուզում ենք, որ Վ. Սիրադեղյանի վերադարձը չլինի կատակ և իրականանա, ապա պետք է տեղի ունենան քաղաքական բանակցություններ: Մենք հայտարարել ենք և բոլորն էլ համաձայն են, որ այս հարցը քաղաքական է, և եթե հարցը քաղաքական է, ապա չպետք է փորձել լուծումներ գտնել իրավական դաշտում: Վանո Սիրադեղյանի հարցը պետք է լուծել քաղաքական և քաղաքակիրթ ձևով:

– Այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը 2008թ. Վանո Սիրադեղյանի անունը շրջանցեց, երբ նույն քաղաքական հարթության մեջ բարձրացվեց  քաղբանտարկյալնեին ազատ արձակելու հարցը: Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունների հետ երկխոսության ժամանակ այդ հարցը չդրեց քննարկման:

– Ես չգիտեմ՝ ինչո՞ւ չդրվեց: Հիշում եք՝ ինչ մթնոլորտ էր. քաղբանտարկյալները նստած էին, ՀՀՇ-ի լիդերները կամ հայտնի մարդիկ նստած էին բերդում կամ ընդհատակում էին գտնվում: Չգիտեմ… Չգիտեմ, այն ժամանակ կտեղավորվե՞ր այդ հարցը դրա մեջ, թե՞ ոչ կամ արդյունք կլինե՞ր, թե՞ ոչ: Երբ դու հարց ես դնում՝ «Սերժիկ, հեռացի’ր», և նույն Սերժ Սարգսյանին ասում ես՝ խնդրում եմ՝ վերանայիր Վանո Սիրադեղյանի հարցը, ապա չեմ կարծում, թե դա կոռեկտ է կամ ընդհանրապես կարող է որևէ արդյունք տալ: Իսկ մթնոլորտը այն ժամանակ այդպիսին էր՝ «բանդիտային ռեժիմ, հեռացի’ր»: Հարցն այդպես էր դրված, որ՝ ընտրությունները կեղծված էին, որ Սերժ Սարգսյանն ուզուրպացրել է նախագահի պաշտոնը և կան 100-150 քաղբանտարկյալներ և հալածվում են 8000 հոգի… այդ պահին որքանո՞վ արդյունավետ կարող էր լինել բարձրացնել Վանո Սիրադեղյանի հարցը:

– Բայց այդ մթնոլորտում բարձրացվում էր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը, որոնց շարքերում կային նաև մարդիկ, ովքեր կապ չունեին Մարտի 1-ի դեպքերի հետ: Օրինակ՝ Մուրադ Բոջոլյանի անունը ՀԱԿ-ը բարձրաձայնում էր, իսկ Վանո Սիրադեղյանինը՝ ոչ: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Այո, դա այդպես էր… Չգտեմ՝ ինչո՞ւ:

 

Տեսանյութեր

Լրահոս