«Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի հարց չի քննարկվի»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կընդհատի իր արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ մեր աղբյուրների՝ Վ. Պուտինը Ս. Սարգսյանին հրավիրել է` Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու նպատակով:

Մոսկվայի հայկական համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը, ով լավատեղյակ է ՌԴ և ՀՀ քաղաքական զարգացումներին, կարծում է, որ Հայաստանի քաղաքական և տնտեսական վերնախավը պետք է աջակցի Ս. Սարգսյանին` Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրվելու հարցում: «Հայաստանի համար կենսականորեն անհրաժեշտ է անդամագրվել Եվրասիական միությանը, և այդ միության` առաջիկա տասնամյակում զարգացման հնարավոր ուրվագծերը լիովին բխում են Հայաստանի շահերից: Այսօր Հայաստանի քաղաքական և տնտեսական վերնախավը պետք է լիովին աջակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում: Նախագահը պետք է հիմնվի հասարակության մաս կազմող ակտիվ քաղաքացիների մեծամասնության կարծիքի վրա, որը տեսնում է այդ միությանն անդամագրվելու օրհասական անհրաժեշտությունը: Միասնական մաքսային գոտուն դեմ հանդես եկողներն իրենց այդ տեսակետը մեկնաբանում են այն հանգամանքով, թե Հայաստանը չունի ՌԴ-ի հետ ընդհանուր ցամաքային սահման: Այդպես մտածողները, լավ կլինի, ևս մեկ հայացք նետեն աշխարհի քարտեզին և տեսնեն, օրինակ, ԱՄՆ-ը և ԱՄՆ-ի նահանգ Ալյասկան, Ռուսաստանը և Ռուսաստանի նահանգ հանդիսացող Կալինինգրադը: Նրանք ոչ միայն ընդհանուր մաքսային գոտու և տնտեսական տարածքի մեջ են, այլև մեկ ընդհանուր պետության մեջ են: Իսկ տվյալ դեպքում՝ ընդամենը խոսվում է ընդհանուր տնտեսական տարածքի և միասնական մաքսային գոտու մասին` պահպանելով պետականությունը և սուվերենության բոլոր ատրիբուտները»: Հարցին` Դուք ձեր այդ տեսակետը պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ ՌԴ-ում եք բնակվում, նա պատասխանեց. «Նախ և առաջ՝ ես ՀՀ քաղաքացի եմ և հպարտ եմ դրանով, և երկրորդը՝ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում 2×2=4»: Հարցին էլ, թե ի վերջո, Սարգսյանը և Պուտինը համաձայնության կգա՞ն այդ հարցում, Ս. Ասատրյանը պատասխանեց. «Կարծում եմ` ուշ թե  շուտ` այո, դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից: Հայաստանն արդեն իսկ, Ռուսաստանի հետ միասին, նույն ռազմաքաղաքական` ՀԱՊԿ անդամ է: Մեզ որևէ բան չի խանգարում խորացնել համագործակցությունը նաև տնտեսական ոլորտում: Իսկ եթե ավելի հեռահայաց նայենք խանգարող հանգամանքներին, ապա Հայաստանն արդեն իսկ պատրաստ է խիզախ և արդարացի իր քայլն անելու` ճանաչելով ԼՂՀ անկախությունը»: Ս. Ասատրյանը չի կիսում այն տեսակետը, թե ՌԴ-ն ՀՀ-ին շարունակում է վերաբերվել՝ որպես ֆորպոստի կամ կրտսեր եղբոր, այլ համոզված է, որ նոր Ռուսաստանը Հայաստանը համարում է որպես քաղաքական դաշտում իրեն հավասարազոր գործընկեր, ինչպես, օրինակ` ԱՄՆ-ը և Իսրայելը: ՀՀ ներքաղաքական շրջանակներում քննարկվում է նաև այն հարցը, որ Վ. Պուտինը հանդիպման ժամանակ բարձրացնելու է նաև ՀՀ վարչապետի հարցը: Խոսակցություններ կան, որ այդ համատեքստում դրվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու հարցը: «Նախ, ես չեմ կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կցանկանա զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, և, առավելևս,  չեմ կարծում, թե այդ հարցը կբարձրանա Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: Երկրորդը, ռուսաստանյան կապիտալը և ՌԴ տնտեսությունը Հայաստանում ներկայացված է զգալի և շատ պատշաճ ձևով: Կարծում եմ, որ Ռուսաստանը երբևիցե չի ցանկանա ներքաշվել Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ, բայց դրա հետ մեկտեղ՝ կցանկանա տեսնել ադեկվատ, հայրենասեր և Հայաստան-Ռուսաստան կապերի ջատագով, այդ կապերը զարգացնող գործիչների: Եվ դա նորմալ է»,-ասաց Սարգիս Ասատրյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս