Բաժիններ՝

Շվարցենեգերն իր քաղաքական ինստիտուտն է հիմնում

Հռչակավոր դերասան եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է գիտական ինստիտուտի ստեղծման մասին, որը կզբաղվի պետական քաղաքականության հարցերով: Այն կրում է Շվարցենեգերի պետական եւ գլոբալ քաղաքականության ինստիտուտ (USC Schwarzenegger Institute for State and Global Policy) անվանումը:

Ինստիտուտը կտեղակայվի Փրայսի պետական քաղաքականության դպրոցում, որը գործում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: Շվարցենեգերը կգլխավորի իր ինստիտուտի խորհրդատվական խորհուրդը, նաեւ կդառնա Կալիֆորնիայի համալսարանի դասախոս:

Ինստիտուտում հինգ հիմնական ուղղություն կլինի` կրթություն, էներգետիկա եւ շրջակա միջավայր, հարկային եւ տնտեսական քաղաքականություն, առողջապահություն, քաղաքական բարեփոխում: Ինստիտուտում առաջին միջոցառումը սեպտեմբերի 24-ին կայանալիք գիտաժողովը կլինի:

Ինչպես The Washington Post-ին վկայակոչելով գրում է lenta.ru-ն, Շվարցենեգերը ինստիտուտի համար  սեփական միջոցներից ծախսել է 20 մլն դոլար: Նա մտադիր է հետագայում նաև այլ ներդնողների միջոցներ ներգրավել ինստիտուտի հիմնադրամում:

Ինչպես հայտնի է Առնոլդ Շվարցենեգերը նահանգապետի պաշտոնավարման շրջանից հետո նորից վերադարձավ կինո: Հանրահռչակ դերասանը ամուսնացած է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու զարմուհի Մարիա Շրայվերի հետ: Շվարցենեգերը հանրապետական կուսակցության անդամ է և այդ կուսակցությունից էլ ժամանակին առաջադրվել էր Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս