Հատուկ ծառայությունները կորցրե՞լ են Մերիլին Մոնրոյի թղթապանակը
Ամերիկյան հետախուզությունների դաշնային բյուրոն կորցրել է Մերիլին Մոնրոյին հետևելու մասին տվյալներ պարունակող փաստաթղթերը, գրում է Associated Press-ը: Այդ փաստաթղթերը չեն հայտնաբերվել ոչ հատուկ ծառայությունների, ոչ էլ Ազգային արխիվներում, որտեղ դրանք սովորաբար պահվում են:
AP-ն խնդրանքով դիմել է Հետախուզությունների դաշնային բյուրոյին՝ Տեղեկատվության ազատության oրենքի հիման վրա իրենց տրամադրել հատուկ ծառայությունների կողմից Մերիլին Մոնրոյի մասին հավաքված տվյալները: Այդ փաստաթղթերի շնորհիվ լրագրողները պատրաստվում էին հոդված հրապարակել դերասանուհու մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ:
Մերիլին Մոնրոյին հետևելու մասին փաստաթղթերի վերջին տարբերակը հրապարակված է ՀԴԲ պաշտոնական կայքում, սակայն այն խիստ խմբագրված է, շատ փաստեր լղոզված են կամ կրճատված: AP-ն պահանջել է փաստաթղթերը տրամադրել՝ առանց գրաքննության, քանի որ հատուկ ծառայությունները մինչ օրս չեն կարողացել բացատրել, թե ինչ վտանգ կարող է բերել չխմբագրված փաստերի հրապարակումը:
ՀԴԲ-ն Մոնրոյին հետևում էր նրա մեծ հեղինակության պատճառով՝ զգուշանալով, որ կոմունիստները դերասանուհուն կարող են իրենց կողմը գրավել: Նրանք Մոնրոյին հետևել սկսել էին 1955թ.-ից, և առաջին հերթին պարզելու համար նրա ուղևորությունների նպատակը, ինչպես նաև անձնական շփումների շրջանակը:ՀԴԲ եզրափակիչ զեկույցները վերաբերում են դերասանուհու կյանքի վերջին տարիներին:
Ենթադրաբար՝ այդ փաստաթղթերը կարող էին լույս սփռել նրա մահվան որոշ հանգամանքների վրա: Մոնրոն մահացավ 1962թ.-ի օգոստոսի 5-ին՝ թմրադեղերի չափազանց մեծ քանակ օգտագործելուց: Միաժամանակ հստակ հայտնի չէ՝ նրա մահը ինքնասպանություն էր, թե սպանություն: