Իրանը Անանի առաքելության տապալման համար մեղադրում է արևմտյան ուժերին

Իրանը մի շարք արևմտյան երկրների մեղադրել է Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար, որն էլ հանգեցրեց ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության ձախողմանը, ով նախօրեին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին. Տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Այն մասին, որ Անանը մտադիր չէ երկարաձգել օգոստոսի 31-ին ավարտվող իր մանդատը, հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Ակնհայտ է, որ որոշ երկրներ դժգոհ եին դեպի Սիրիա զենք-զինամթերքի մատակարարումները կանգնեցնելու և ահաբեկչական գործողություններին վերջ տալու Անանի ջանքերից: Այդ երկրները ոչ միայն չսատարեցին Անանի նախաձեռնությանը, այլ ընդհակառակը՝ ամեն անգամ, երբ նրա ծրագիրը սկսում էր հաջողել, ահաբեկիչները ուժգնացնում էին իրենց գործողությունները Սիրիայում», Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմափարաստի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը:

Ինչպես հայտնի է, սիրիացի ընդդիմադիրների համար նախատեսված զենքը այդ երկիր է ուղարկվում թուրքական սահմանով, իսկ դրա տեղափոխումը ֆինանսավորում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:

Ապրիլից Անանի ծրագրի համաձայն Սիրիայում հրադադար էր հայտարարվել, որի կատարումը պետք է վերահսկեին միջազգային դիտորդները: Սակայն ծրագիրը չհաջողվեց՝ նոր ընդհարումների ու արյունահեղությունների պատճառով:

Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011թ.-ից, և դրան զոհ է դարձել 16 000 մարդ: Մի շարք եվրոպական և արաբական երկրներ,  ինչպես նաև ԱՄՆ-ն ու Թուրքիան ցանկանում են Բաշար Ասադին հեռացնել իշխանությունից, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են դրան՝ մտահոգվելով, որ արտաքին միջամտությունը երկիրը քաոսի կտանի ու կընդաձակի հակամարտությունը: Սիրիայի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարում են, որ ընդդիմադիրները լավ զինված են, իսկ դա նշանակում է, որ նրանք կանոնավոր մատակարարվում են դրսից:

Սիրիայում գտնվող բավական հոծ հայկական համայնքը դեռևս լուրջ կորուստներ չի կրել՝ շնորհիվ իր չեզոք դիրքորոշման, սակայն հակամարտության ծավալումը լուրջ վտանգներ կարող է բերել:

Տեսանյութեր

Լրահոս