Հավաստագիր՝ լսողական սարքի փոխարեն
ՀՀ կառավարության նիստում քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` փոփոխություն կկատարվի հաշմանդամներին լսողական սարքերի տրամադրման կարգում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրել են, որ նախատեսվում է առձեռն լսողական սարք հատկացնելու փոխարեն անձին հատկացնել հավաստագիր՝ որոշակի գումարի տեսքով: Նախարարության hաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ հավաստագրերի հիման վրա մարդը կարող է ինքնուրույն ձեռք բերել լսողական սարք: «Եթե ցանկանում է ավելի թանկ լսողական սարք ձեռք բերել, որոշակի մասը փոխհատուցում է պետությունը, մյուս մասը նա կարող է ավելացնել կամ հենց հատկացված գումարի սահմաններում գնել այն»,- նշել է Ա. Հակոբյանը:
«Արաբկիր» բժշկական հաստատությունների սուրդոծառայության ղեկավար Թամարա Մանուկյանի կարծիքով` լավ կլինի, եթե Հայաստանում կիրառվի զարգացած երկրներում ընդունված փորձը՝ հաշմանդամ երեխային տրամադրվի ոչ թե սարքը, այլ հավաստագրի տեսքով որոշակի գումար:
Նախկինում հայտարարվում էր լսողական սարքերի տենդեր, ինչը Թ. Մանուկյանի խոսքով՝ նշանակում էր ընտրել ամենաէժան տարբերակը: Բացի դա, ըստ նրա՝ գուցե սարքը լավը լիներ, բայց ակուստիկ հնարավորություններով երեխային չբավարարեր:
«Հաճախ պետության տված 80 հազար դրամ արժողությամբ սարքին երեխան չի հարմարվում ու այն չի օգտագործում: Այս դեպքում նա հնարավորություն կունենա գտնել իրեն համապատասխան լսողական սարք»,- նշել է Թ. Մանուկյանը:
Ըստ նրա՝ մինչ այժմ լսողական սարքեր հատկացվել են մինչև 25 տարեկան երիտասարդներին, նախարարի հրամանով այս տարի լսողական սարքեր են հատկացվելու մինչև 30 տարեկան երիտասարդներին:
«Մտավախություն ունեմ, գուցե այս պարագայում հավաստագիր հատկացնեն ոչ թե նախկինում տրամադրվող լսողական սարքի արժեքին համապատասխան, այլ ավելի էժան: Գոնե 80 հազար դրամին համապատասխան հավաստագիր պետք է տան, որպեսզի հնարավոր լինի նորմալ լսողական սարք ձեռք բերել»,- ասել է Թ. Մանուկյանը:
Հարցին, թե արդյոք նախկինում հատկացվող լսողական սարքերի արժեքին համապատասխան գումար կտրամադրվի՞՝ հավաստագրի տեսքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են՝ հարցեր կան, որ քննարկման փուլում են: