Գարրի Կասպարով. «Դադարեցրեք մարաթոնյան սիրավեպը բռնապետերի հետ»
«Եթե օլիմպիական իդեալներն իսկապես գոյություն ունենային, ապա օլիմպիադաները երբեք չէին անցկացվի հիտլերյան Գերմանիայի կամ պուտինյան Ռուսաստանի նման երկրներում»,- «The Times»-ում հրապարակված հոդվածում գրել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը: «Նույն Պուտինին Օլիմպիադա 2014-ի համատեքստում հետաքրքրում են ոչ թե իդեալները, այլ միայն իր անձնական իշխանության ցուցադրումն ու բյուջետային միջոցների փոխանցումն իր ընկերներին,- գրում է Կասպարովը` ավելացնելով,- Բոլոր բռնապետերին դուր է գալիս՝ իրենց զգալ աստվածների դերում: Իսկ մի՞թե դրա համար կարելի էր ավելի լավ միջոց հորինել, քան ամառային առողջարանային քաղաքում Ձմեռային օլիմպիադայի անցկացումը»: Կասպարովն անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի` Լոնդոնի Օլիմպիադային մասնակցության հարցին: «Այն փաստը, որ Պուտինը գնում է Լոնդոն, Լուկաշենկոն` ոչ, մերկացնում է Եվրամիության երկակի ստանդարտները»,- գրում է Կասպարովը: Հիշեցնենք, որ ԵՄ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին արգելել է մեկնել Լոնդոն՝ նրան մեղադրելով ընտրությունների արդյունքները կեղծելու, ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու, ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու և նրանց նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու մեջ: «Խախտումների այս ցանկը ծանոթ է բոլորին, ովքեր վերջին ամիսներին հետևում են Պուտինի կառավարության գործողություններին: Իսկ եթե Պուտինը ձերբակալի իր ամենահայտնի քննադատին` Նավալնուն, ապա, ամենայն հավանականությամբ, կընկերակցի Լուկաշենկոյին»,- գրել է Կասպարովը: Նրա կարծիքով, Լոնդոնում օլիմպիական ամբիոնից Պուտինը ուշադրությամբ հետևելու է, թե ինչպես են արտերկրում արձագանքում իր կողմից իրականացվող հերթական հետապնդումներին: «Եթե Պուտինին ասեին, որ նա ստիպված է Օլիմպիադան նայել տանը, դա իսկական հաղթանակ կլիներ օլիմպիական երեսպաշտների նկատմամբ»,- եզրափակում է Կասպարովը` Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ անելով՝ «դադարեցնել մարաթոնյան սիրավեպը բռնապետերի հետ»: