Արտահերթ ընտրությունների ուրվականը

Այսօր պաշտոնապես հաստատվեց նախօրեին մեր հրապարակած տեղեկությունը, որ օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: «Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մեր աղբյուրների համաձայն, Ս. Սարգսյանին ՌԴ նախագահ Պուտինն է հրավիրել Մոսկվա՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցով վերջնական պատասխան ստանալու համար:

Պաշտոնական հաղորդագրությունն անուղղակիորեն հաստատում է դա՝ թեկուզ այն իմաստով, որ որևէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահն ընդհատում արձակուրդը՝ Ռուսաստան մեկնելու համար:

Միայն այդ հանգամանքը բավական տարօրինակ է և վկայում է խնդրի հույժ կարևորության մասին: Այլ հարց է, թե ում համար է այդ խնդիրն ավելի կարևոր` Հայաստանի ու Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՌԴ-ի ու Վլադիմիր Պուտինի:

Դատելով վերջին շրջանի իրադարձություններից և տեղեկատվական արտահոսքերից` Պուտինի:

Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, Կրեմլն իր կայքում ներկայացրել է նաև Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգը, որում հատուկ նշվում է նաև «եվրասիական գործընթացների» մասին:

«Օգոստոսի 8-ին Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային հարցեր: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության հարցը եվրասիական գործընթացներում, մասնավորապես՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև՝ տարածաշրջանային, միջազգային օրակարգի խնդիրներ, իրավիճակը Հարավային Կովկասում»,- նշված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ընդ որում, ինչպես մենք տեղեկացրել էինք, դիվանագիտական շրջանակներում խոսում են, որ Պուտինին վրդովեցրել է Եվրասիական միությանն անդամակցության հարցում Հայաստանի ոչ միանշանակ դիրքորոշումը, և նա ցանկանում է քաղաքական աշնան մեկնարկից առաջ այդ հարցում հստակություն մտցնել:

Հիշեցնենք, որ միայն հուլիս ամսվա ընթացքում 2-3 ռուսական պատվիրակություններ ժամանեցին Հայաստան` ընդհուպ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի մակարդակով: Բոլոր այդ այցերի նպատակը մեկն էր` Հայաստանից ստանալ Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ դրական պատասխան: Բանը հասավ այնտեղ, որ Նարիշկինը` ոտնահարելով արարողակարգային ու դիվանագիտական նորմերը, ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները «հասկանում են» այդ միության օգտակարությունը: Դրանից հետո Լոնդոնում Սերժ Սարգսյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Պաշտոնապես, իհարկե, չհաղորդվեց, թե ինչ են նրանք քննարկել, սակայն ակնհայտ է, որ նրանց խոսակցության հիմնական թեման եղել է նույնը` Եվրասիական միությունը:

Ի դեպ, հենց Մեդվեդևի հետ հանդիպումից հետո տարածվեցին տեղեկություններն այն մասին, որ Պուտինը Ս. Սարգսյանին հրավիրել է Մոսկվա: Այսինքն` կարելի է ենթադրել, որ մինչև անգամ Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով ռուսները բավարարված չեն, Ս. Սարգսյանից վերջնական պատասխան չեն ստացել, այդ պատճառով էլ նրան կանչել են Մոսկվա: Ընդ որում, դա ևս արվում է բավական կոպիտ ձևով` Հայաստանի նախագահին, փաստորեն, ստիպում են ընդհատել արձակուրդը՝ Պուտինի հետ հանդիպելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսապաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ սեպտեմբերի սկզբին հնարավոր է` Պուտինը անգամ պետական այցով ժամանի Հայաստան: Դատելով իրադարձությունների ներկայիս ընթացքից՝ այդ այցը կարող է կա՛մ չկայանալ, կա՛մ Պուտինն ուզում է Երևան գալ` հաստատ համոզված լինելով, որ այստեղ հայտարարելու է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին: Եթե Հայաստանի իշխանությունների ընկալունակության մասին խոսում է այդ երկրի Պետդումայի նախագահը, ինչո՞ւ պետք է դա թույլ չտա Վլադիմիր Պուտինը, ում մոտիկից տեսնելիս միայն Հայաստանի քաղաքական վերնախավի (և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր) մեծ մասը հաճույքից նվաղում է:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Ընդ որում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, Ս. Սարգսյանն այդ հարցում կարող է մնալ միայնակ կամ գրեթե միայնակ: Անգամ սեփական՝ Հանրապետական կուսակցության շարքերում:

Հայաստանի քաղաքական համակարգում ռուսական «ներկայության», շատ խորը ներկայության մասին խոսվում է գրեթե ամեն օր: Նման գնահատականներ հնչում են թե՛ Հայաստանի ներսում,  թե՛ միջազգային շրջանակներից: Վերջերս, օրինակ,  բրիտանական Chatom «Chatham House»-ի փորձագետներից մեկը` Ջայմս Նիքսին (ով «Տևական հրաժեշտը. Ռուսաստանի թուլացող ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում» վերնագրով հայտնի զեկույցի հեղինակն էր), մեր թերթին տված հարցազրույցում ուղիղ տեքստով ասել էր. «Կան մի քանի բնորոշող օրինակներ, երբ հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ սկսեցին ֆինանսավորվել Կրեմլի կողմից, որից հետո ստիպված էին աշխատել Կրեմլի բիզնեսի համար: Այսպիսով, ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը տնտեսական ազդեցության հետևանք է…կարող եմ ասել, որ կա կապ այդ ֆինանսական ներդրումների և Ռուսաստանի համար ցանկալի քաղաքական ելքերի միջև»: Ուշագրավ, միևնույն ժամանակ՝ շատ օրինաչափ է, որ հայաստանյան քաղաքական ուժերից որևէ մեկը հարկ չհամարեց պատասխանել, անարգանքի սյունին գամել այս բրիտանացուն: Որովհետև Հայաստանում ռուսական ազդեցության տակ գտնվող համարվելը ոչ միայն չի ընդունվում որպես վիրավորանք, այլև հանդիսանում է շատ քաղաքական գործիչների «հաղթաթուղթն»՝ իշխանական կամ քաղաքական համակարգի սանդղակով վեր բարձրանալու համար: Դա հավասարապես վերաբերում է քաղաքական համակարգի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր հատվածին: Այսինքն, Ռուսաստանը տիրապետում է Հայաստանի քաղաքական համակարգի «բաժնետոմսերի փաթեթի զգալի մասին», մեծ է վտանգը, որ այդ «փաթեթը» կարող լինել «հսկիչ փաթեթ»: Այդ առումով, առաջիկա զարգացումները կարող են կատալիզատոր հանդիսանալ: Եվ Սերժ Սարգսյանի պատասխանը մեծ չափով կախված է լինելու նաև այդ հանգամանքից. ընդ որում, բացառված չէ, որ ռուսները «հսկիչ փաթեթ» ունենան նաև Սերժ Սարգսյանի հարազատ Հանրապետականում, և տեսականորեն չպետք է բացառել, որ Եվրասիական միությանն անդամակցության հարցը կարող է դառնալ այն եզակի հարցը, որի առնչությամբ մշտապես Ս. Սարգսյանին գլխիկոր լսող հանրապետականներն անհամաձայնություն հայտնեն:

Այս հարցում Ս. Սարգսյանը չի կարող ակնկալել նաև ընդդիմության աջակցությունը: Ավելին, խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված միասնական շտաբը` իրար հակադիր ու նույնիսկ թշնամաբար տրամադրված ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի մասնակցությամբ, արդեն այսօրվա իրադրության պայմաններում կարելի է դիտարկել հենց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում: Այսինքն` չպետք է բացառել, որ Հայաստանին Եվրասիական միությունից հետ պահելու հարցում Ս. Սարգսյանը կարող է հայտնվել փոքրամասնության կարգավիճակում: Լավագույն դեպքում՝ քաղաքական հենարան չունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու հայտարարությունների մակարդակում Եվրասիական միությանը դեմ արտահայտվող մեկ-երկու մանր կուսակցությունների ընկերակցությամբ: Այդ դեպքում աշնանը կարող են ֆորսմաժորային քաղաքական զարգացումներ տեղի ունենալ,  սկսած նախագահական ընտրապայքարում հայտնի կամ նոր թեկնածուների հայտնվելուց՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս