Եգիպտոսում կատաղի բախումներ են մահմեդականների ու քրիստոնյաների միջև

Առնվազն 16 մարդ վիրավորվել է Կահիրեի արվարձանումքրիստոնեական եկեղեցու և մշակույթի տան վրա մահմեդականների հարձակման հետևանքով: Դաշուրում՝ Կահիրեից 40 կմ հեռու գտնվող գյուղում բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ծեծկռտուքից հետո վիրավորված մահմեդականը մահացել էր: Եգիպտոսում մահմեդական մեծամասնության ու քրիստոնյա փոքրամասնության միջև բախումներ հաճախ են լինում: Սակայն ներկայիս առճակատումը առաջինն էր Մոհամեդ Մուրսիի նախագահ ընտրվելուց հետո: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նոր նախագահը հարում է «Մահմեդական եղբայրներ» կոչվող շարժմանը և նախընտրական արշավում խոստացել էր, որ նախագահ ընտրվելուց հետո քրիստոնյաների նկատմամբ թշնամական վերաբերմունք չի լինի: Մինչդեռ այս վերջին բախումների ընթացքում մահմեդականների ամբոխը փորձել է այրել քրիստոնեական եկեղեցին: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Այրվել են մի քանի ոստիկանական մեքենաներ: BBC-ի ռուսական ծառայությունը նաև հաղորդում է, որ ըստ պաշտոնական տվյալների վիրավորված 16 անձանցից 10-ը ոստիկան են: Միաժամանակ, ըստ «Ասոշիեյթիդ պրեսի»՝ Գիզայի ղպտիների արքեպիսկոպոսի ներկայացուցիչը ասել է, թե Դաշուր գյուղից ողջ քրիստոնյա ազգաբնակչությունը փախել է: «Ամբոխը թալանում ու այրում էր խանութներն ու ահաբեկում տեղի բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց տները», հոգևորականի խոսքն է մեջբերում գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս