Սիրիան մնացել է առանց համացանցի և հեռախոսակապի
Օգոստոսի 1-ին, երեկոյան Սիրայում դադարեցրել է աշխատանքը Երկրի Syriatel և MTN բջջային օպերատորները, իսկ ավելի ուշ՝ անջատվել է նաև քաղաքային հեռախոսային ցանցը:
Այսպիսով՝ Սիրիրան երեկվանից չունի հեռախոսակապ և համացանց:
Tert.am-ի հետ զրույցում սիրիահայերը տեղեկացրել են, որ դա հավանաբար արվել է կառավարական ուժերի կողմից, որպեսզի զինյալ ընդդիմադիրները միմյանց հետ կապվելու հնարավորություն չունենան:
Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ, սակայն երեկ գիշերվա դրությամբ հայկական թաղամասերում լուրջ միջադեպեր չեն եղել:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ «ահաբեկիչների դեմ գործողություններ» են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ եղել են նաև Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
BBC-ի փոխանցմամբ էլ՝ Սիրիայի ազգային խորհուրդը հաստատել է երեկ համացանցում տեղադրված տեսանյութի իսկությունը, որում սիրիացի զինյալ ընդդիմադիրները մահապատժի էին ենթարկում Ասադի կողմնակիցներին: Սիրիայի ընդդմադիր ազգային խորհուրդը հայտարարել է, որ տեղի է ունեցել դաժանություն, սակայն արդարացել է, նշելով, որ այդ կերպ ընդդիմությունը «վրեժխնդիր է եղել նրանց կողմից իրականացված տանջանքների և սպանությունների համար»: