«Երիտասարդ թոշակառուի» մեթոդը

Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդև անգլիական «The Times» հանդեսին տված հարցազրույցում չի բացառել նախագահական ընտրություններում իր առաջադրվելու հնարավորությունը: «Ես այդքան էլ տարեց քաղաքական գործիչ չեմ: Ես երբեք չեմ բացառել, որ ապագայում…, իսկ հիմա դեռ չեմ պատրաստվում լքել քաղաքական կյանքը, ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում, եթե, իհարկե, դա հետաքրքիր լինի մեր մարդկանց»,- հայտարարել է Մեդվեդևը: Իհարկե, նա նաև ասել է, որ եթե ինքը երկրի բնակչությանը ձանձրացնի, և իրեն ասեն՝ «good bye», ապա կսկսի հուշեր գրել: Սակայն դա ավելի շատ «քաղաքավարական մանրուք» է, քանի որ Ռուսաստանում իշխանություններն են որոշում` հասարակությունը ձանձրացե՞լ է, թե՞ այրվում է երջանկությունից:
Այն, ինչ ասել է Մեդվեդևը, շատ բնորոշ է հետխորհրդային գրեթե բոլոր պետություններին, առավել ևս՝ այն երկրներին, որոնց քաղաքական վերնախավը առաջնորդվում է ռուսական «չափորոշիչներով», և որոնցում ռուսական քաղաքական գործընթացները կրկնօրինակելու սովորություն ունեն: Իհարկե, նախկին առաջնորդների` քաղաքականություն վերադառնալու, կրկին ընտրություններին մասնակցելու պրակտիկա գոյություն ունի բոլոր երկրներում, այդ թվում` կայացած ժողովրդավարություններում: Սակայն, հասկանալի է, որ «ռուսական վերադարձը» միանգամայն այլ երևույթ է և համեմատելի չէ եվրոպական կամ ամերիկյան պրակտիկայի հետ: Մեդվեդևի հայտարարության իմաստն, ըստ էության, հետևյալն է. «Ռուսաստանի իշխանությունը մենք ենք, Պուտինը ու ես, և եթե նպատակահարմար լինի, նրան կփոխարինեմ ես»:  Իսկ Մեդվեդևի կողմից իր տարիքի հիշատակումը նշանակում է, որ առնվազն մինչև «խոր ծերություն» ինքը մնալու է իշխանության մեջ: Ի դեպ, Մեդվեդևի հայտարարությունը հոգեբանական առումով գրեթե կրկնում է Ռոբերտ Քոչարյանի ասածն այն մասին, որ ինքը չի պատրաստվում մնալ «երիտասարդ թոշակառուի կարգավիճակում»:
Հայաստանը ևս այն երկրներից է, որտեղ սիրում են կրկնօրինակել ռուսական սցենարները: Այսօրվա Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական ինտրիգներից մեկը` նախկին ու գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հնարավոր հակասությունների մասին խոսակցությունները, գրեթե նույնությամբ կրկնում են «ռուսական փորձը»: Ռուսաստանի  նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ  ռուսական մամուլը  հեղեղված էր Պուտին-Մեդվեդև հակասությունների մասին պատմություններով՝ այնպես, ինչպես այսօր մեր լրատվամիջոցները` Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններով: Արդյունքում` մարտին Պուտինը նախագահ դարձավ և վարչապետ նշանակեց Մեդվեդևին: Այնպես, ինչպես վերջինս էր նախագահ դառնալուց հետո վարչապետ նշանակել Պուտինին: Իշխանության պահպանման ու վերարտադրության այս մեխանիզմը, չնայած «ժողովրդավարական աննշան բացթողումներին», բավական արդյունավետ է գործում: Իսկ գուցե հայաստանյան այսօրվա գործընթացները ևս այս տրամաբանությունն ունեն: Ի վերջո, որքան էլ մամուլը գրում է Քոչարյան-Սարգսյան հակասությունների մասին, որքան էլ դրանց մասին վկայող տարբեր իրադարձություններ են տեղի են ունենում (Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործից՝ մինչև տնտեսական ոլորտում կատարվող դերաբաշխումներ), որևէ մեկը չգիտի այս հարցի պատասխանը. Այնուամենայնիվ, քաղաքական տարաձայնություններ ունե՞ն Քոչարյանն ու Սարգսյանը, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանն, ի դեպ, կարևոր է ոչ այնքան երկրորդ ու երրորդ նախագահների, որքան քաղաքական դաշտի մյուս խաղացողների, այդ թվում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Մնացած բոլոր ուժերը, այդ թվում՝ և, առաջին հերթին, ՀԱԿ առաջնորդը, իրենց ռազմավարություններն ու մարտավարությունները կառուցում են հենց այդ հակասությունների վրա: Ի վերջո, պետք չէ բացառել, որ այդ հակասություններն ընդամենը քաղաքական դաշտը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակ են հետապնդում, և գործ ունենք միանգամայն համաձայնեցված խաղի հետ: Լայն իմաստով, եթե այսօրվա ներքաղաքական իրողությունները գնահատենք այդ համատեքստում, ապա կարելի է արձանագրել, որ այդ խաղն իրեն արդարացրել է: Երկու դոմինանտ ուժերից մեկը` ՀՀԿ-ն, վերահսկում է Սերժ Սարգսյանը, մյուսը` ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այն, որ մեկը ֆորմալ առումով հանդես է գալիս՝ որպես իշխանություն, մյուսը` որևէ այլընտրանքային ձևակերպմամբ` որպես ընդդիմություն, բուտաֆորիկ նշանակություն ունի: Ի վերջո, նրանց հաջողվել է ձևավորել գրեթե երկբևեռ քաղաքական համակարգ, որում մնացած քաղաքական ուժերը, այդ թվում` նաև ժամանակին դոմինանտ համարվող ՀԱԿ-ը, վերածվել են բևեռներից մեկին սպասարկող ուժերի:

 

Տեսանյութեր

Լրահոս