Հանրային քարտուղարուհի
Վերջին տարիներին Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում կատարվող գործընթացներում առկա է իմիտացիայի բավական մեծ չափաբաժին: Դա, առաջին հերթին ու առավելապես, վերաբերում է իշխանությանը, որի գործունեությունը կարծես ամբողջությամբ կառուցված է իմիտացիայի սկզբունքով: Արդյունքում՝ ժամանակ առ ժամանակ օրակարգում հայտնվում են թեմաներ, որոնք կարծես թե այդքան էլ արդիական չեն, կամ արդիական չեն ընդհանրապես, սակայն լայնորեն քննարկվում են սոցիալական ցանցերում, հանրային տարբեր խմբերում ու արժանանում են իշխանության «համարժեք արձագանքին»: «Մաշտոցի պուրակ» օպերացիան դրա ավելի երևացող, սակայն՝ ոչ եզակի օրինակներից էր:
Այդպիսի թեմաներից է նաև հեռուստաեթերը, որի դեմ տարբեր խմբեր սկսում են պայքարել հիմնականում այն ժամանակ, երբ պետք է «օդը լցնել» որևէ երևույթի դեմ պայքարով:
Հեռուստաեթերի «մաքրության» ու հեռուստասերիալների դեմ պայքարի առաջամարտիկը պալատական մտավորականներն են, որոնք, առանց համապատասխան վայրերից հրահանգ ստանալու, չեն ստորագրում նույնիսկ իրենց անուն-ազգանվան տակ: Հիմա այդպիսի մի խումբ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին` պահանջելով միջոցներ ձեռնարկել հեռուստաեթերը մաքրելու և հասարակությանը սերիալային տեռորից փրկելու համար: Դրան միացել են նաև ինչ-որ քաղաքացիական խմբեր, որոնք տարբեր հեռուստասերիալների դեմ ակցիաներ են անում: Մտավորականների ու քաղաքացիական խմբերի գործունեությանը կարելի էր և չանդրադառնալ, սակայն այլ հարց է, երբ դրան միանում է նաև Հանրային խորհուրդը, որի աշխատակազմն ու անդամները հարկատուների հաշվին հսկայական աշխատավարձեր են ստանում: Անցած շաբաթ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերել է հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակմանը: Ըստ Հանրային խորհրդի մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացի շրջանակներում ներկայացվել է 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, «որում ի մի են բերված Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները՝ ներկայացված Հանրային խորհրդի հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ՀՀ Նախագահին նամակով դիմելու նախաձեռնության անդամների և ՀՀ ստեղծագործական միությունների կողմից»: Բացի այդ, հաղորդագրության համաձայն, առաջիկա օրերին Հանրային խորհրդում (ՀԽ) հեռուստաընկերությունների ղեկավարների հետ քննարկում է տեղի ունենալու, որի ընթացքում կներկայացվեն նաև այդ առաջարկները: «ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին հանրային քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն, որի արդյունքում կձևավորվի փաստաթուղթ և կներկայացվի Հանրապետության ղեկավարին»,- նշված է ՀԽ հաղորդագրության մեջ:
Այն, որ հայկական հեռուստաեթերը իսկապես անհեթեթության աստիճանի տհաճ է, քննարկման առարկա չէ: Սակայն հսկայական ծավալի արտագաղթի, սոցիալական վատթարացող իրավիճակի, ինքնասպանությունների թվի աճի, կոռուպցիայի ու բազմաթիվ այլ կենսական հիմնախնդիրների պայմաններում հեռուստաեթերի անաղարտությունը վստահաբար ամենակարևոր խնդիրը չէ: Մյուս կողմից` Հանրային խորհուրդը չի ստեղծվել կարևոր խնդիրներ լուծելու համար, այլ պետք է ընդամենը «անշառ» թեմաներ քննարկելու և համապատասխան շոուներին մասնակցելու համար: Բացի այդ, հեռուստաեթերի որակի խնդիրն շատ ավելի խորքային պատճառներ ունի, որոնցով երբեմնի ընդդիմադիր Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառույցը հազիվ թե կարող է զբաղվել: Հայաստանում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները գտնվում են իշխանության ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, աշխատում են ոչ թե հեռուստադիտողին բավարարելու, այլ իշխանական քարոզչության խնդիրները լուծելու համար:
Դրանից ազատ ժամանակ եթերը լցնում են նրանով, ինչի պատրաստումն առանձնապես ջանքեր չի պահանջում, ինչն էլ նպաստում է տափակ ու ցածրորակ հեռուստասերիալների տարածմանը: Ակնհայտ է, որ հեռուստաընկերությունների միջև իրական մրցակցության պայմաններում այս խնդիրը կկարգավորվեր ինքնաբերաբար: Հեռուստաընկերությունները կպատրաստեին ավելի որակյալ հաղորդումներ, որոնցում գովազդ տեղադրելու համար ևս մրցակցություն կծավալվեր: Սակայն հայտնի է, որ գործարարների մեծ մասը հեռուստագովազդ տեղադրելիս հաշվի է առնում ոչ թե այս կամ այն հեռուստաընկերության վարկանիշը, այլ այն, թե այդպիսով իշխանության որ թևին կարող է հաճոյանալ: Կամ, որ ավելի վատ է` լինում են դեպքեր, երբ ուղղակի հրահանգում են գովազդ տեղադրել շատ որոշակի հեռուստաընկերություններում:
Բնականաբար, Հանրային խորհուրդը նման հարցեր չի քննարկելու, լավագույն դեպքում՝ Վազգեն Մանուկյանը հեռուստաընկերությունների ղեկավարներին փոխանցելու է նախագահի խոսքը` «Այսպես սիրուն չի»: Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ: Իրականում այս օրինակը ցույց է տալիս, թե իշխանությունն ինչպես է «ստեղծում խնդիր», նպաստում դրա հանրայնացմանը, ապա շատ որոշակի պահի՝ «լուծում» այդ խնդիրը: Այսինքն` զբաղվում է իմիտացիայով: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա այն կարծես ստանձնել է հանրային հարցերով նախագահի քարտուղարուհու դերը, որի գործառույթն է՝ նախապես մշակված խնդիրների մասին «մտահոգությունները» փոխանցել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, ավելի ազնիվ կլիներ այդ կառույցն անվանափոխել և դարձնել «Հանրային քարտուղարուհի»:
Հ.Գ. Սերիալների և մասնավորապես` հայկական հեռուստաընկերությունների միջև «ռեյտինգային» անհեթեթ մրցավազքի մասին բազմիցս խոսել է նաև անձամբ Սերժ Սարգսյանը՝ դեռևս «Որոգայթ» հեռուստասերիալի` «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու ժամանակ: Դրան, սակայն, հետևեց այն, որ «Որոգայթի» սցենարն արագ ավարտին հասցվեց-փակվեց, ու բոլոր հեռուստաընկերությունները միասին մեծ թափով լծվեցին նոր սերիալների նկարահանումներին: