Ինչպես պահպանել թիվ մեկ հարկատուի դիրքը
Արդեն գրեթե բոլոր ԶԼՄ-ները հասցրել են անդրադառնալ ՊԵԿ խոշոր հարկատուների ցանկին և նշել, որ խոշորագույն հարկատուն «ՀայՌուսգազարդն» է։ Սակայն ինչի՞ շնորհիվ է ընկերությունը զբաղեցնում առաջին տեղը, այդ մասին գրեթե չի խոսվում։
Եվ այսպես, 2012 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «ՀայՌուսգազարդը» հանրապետության թիվ մեկ հարկատուն է` 18.2 մլրդ դրամ վճարած հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընկերությունը հարկերն ավելացրել է շուրջ 43.3%-ով կամ 5.5 միլիարդ դրամով։
Քանի որ ոմանք հարկային տվյալները նույնացնում են բիզնեսի հաջողության հետ, նկատենք, որ նույն «ՀայՌուսգազարդը» վնասով աշխատող ընկերություն է. 2010 և 2011 թվականներն այս ընկերությունը փակել է մի քանի միլիարդ դրամի վնասով։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հարկերի ավելացումը։ Առանց երկարացնելու, միանգամից նշենք՝ առաջին հերթին Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի թանկացմամբ։
Նախ նշենք, որ «ՀայՌուսգազարդի» կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասն անուղղակի հարկեր են (ուղղակի հարկերը կազմում են շուրջ 850մլն դրամ կամ ընդհանուրի 4.7%-ը)։ Այսինքն, կարելի է ասել, որ «ՀայՌուսգազարդի» վճարած հարկերի մեծ մասը ԱԱՀ-ն է։ Ներմուծելիս հարկի մեծությունը որոշվում է՝ ըստ մաքսային արժեքի։ ՊԵԿ տվյալներից երևում է, որ Ռուսաստանից ներմուծված բնական գազի ծավալները առաջին կիսամյակում մեծացել են 17.2%-ով կամ 161մլն խմ-ով։ Սակայն մաքսային արժեքն ավելի մեծ չափով է աճել՝ 41.1%-ով կամ 70մլն դոլարով։ Հենց այդ 70 միլիոն դոլարի հիմքի վրա է հաշվարկվում ԱԱՀ-ն, որը պետք է կազմի շուրջ 14 մլն դոլար կամ 5.5 միլիարդ դրամ (հենց այդքանով էլ «ՀայՌուսգազարդը» ավելացրել է հարկերը)։
Սակայն, եթե գազը ներմուծվեր նախորդ տարվա գներով, ապա մաքսային արժեքը կկազմեր ոչ թե 240մլն, այլ 206.3 մլն դոլար։ Փաստորեն, ռուսների կողմից գազի թանկացումը ավելացրել է մաքսային արժեքը ավելի քան 36 մլն դոլարով։ Իսկ դրա համար պետբյուջե է մուծվել լրացուցիչ 6.7մլն դոլար կամ 2.6 միլիարդ դրամ։
Իհարկե, բացի գազի գնի թանկացումից, ներմուծող ընկերությունների հարկերի վրա ազդում է նաև փոխարժեքը։ Որքան դրամն արժեզրկվում է, այնքան շատ հարկ է մուծվում պետբյուջե դրամային տեսքով։ Այս ամենը ի մի բերելով՝ ստացվում է, որ խոշոր հարկատու դառնալու համար գնալով ավելի կարևոր հանգամանք է դառնում ոչ թե բիզնես ռազմավարությունը, այլ արտաքին գործոնները։