Իշխանության գինը
Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ վերջին իրադարձությունները, մասնավորապես` ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ու դիվանագիտական անպարկեշտության հասնող հայտարարությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնի`այդ խնդիրը լուծելու համար: Հատկապես Հայաստանի եվրաինտեգրացիոն գործընթացների ակտիվացման համատեքստում ռուսները գիտակցում են, որ կարող է սկսվել Հայաստանի` ռուսական տիրապետությունից դուրս գալու գործընթաց, որը կարող է անշրջելի դառնալ:
Առաջիկա աշնանը ռուսներն, ամենայն հավանականությամբ, չեն սահմանափակվելու Հայաստանի ղեկավարության անունից այս հարցի շուրջ հայտարարություններ անելով (ինչպես վարվեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը) և անցնելու են ավելի կոշտ միջոցների: «Կա՛մ Եվրասիական միություն, կա՛մ Եվրոպա» երկընտրանքում ՀՀ իշխանությունները, մեծ հաշվով, ընտրել են Եվրոպական Միության հետ ինտեգրվելու ուղղությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռուսական մամուլում հրապարակված հայտնի հոդվածից հետո, այդ հարցի շուրջ պաշտոնապես դեռևս տեսակետ չի հնչել: Իսկ Տ.Սարգսյանն ասել էր, որ Եվրասիական միության գործունեության համար անկյունաքարային համարվող Եվրասիական մաքսային դաշինքին անդամակցությունը Հայաստանի համար ոչ թե առավելություններ կունենա, այլ խնդիրներ կստեղծի:
Իշխանությունները դեռևս դիմադրում են Եվրասիական միությանն անդամակցելու ռուսական պարտադրանքին, սակայն ակնհայտ է, որ դիմադրության ռեսուրսները սահմանափակ են` հատկապես հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սա այն եզակի դեպքերից է, երբ իշխանությունը ռուսների հետ դիմակայության մեջ դեռևս պաշտպանում է Հայաստանի պետական շահը, սակայն նախագահական ընտրությունները` իշխանության վերարտադրության հարցը, կարող են փոխել իրավիճակը: Այսինքն` ընտրություններից առաջ նժարի մի կողմում կարող է դրվել Հայաստանի շահը, մյուսում` իշխանության պահպանումը: Ռուսները դա շատ լավ գիտակցում են, և, բնականաբար, ինտենսիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Դրա համար Հայաստանի իշխանությանն ընդամենը պետք է ցույց տալ, որ Եվրասիական միությանը ՀՀ անդամակցության խնդիրը լուծելու և ընդհանրապես «ռուսական կուրսը» պահելու հարցում Հայաստանում կա այլընտրանք, որի մասին Մոսկվայում կարող են «մտածել»: Հենց այդ պատճառով էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անվերապահորեն հայտարարում է, որ կողմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը: ԲՀԿ-ն, այս հարցում, ըստ ամենայնի, միակ ուժը չէ: Այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցություններց մեկի` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կոչ արեց ռուսաստանահայերին` ընտրել Պուտինին, նրա հետ պայմանավորելով Հայաստանի զարգացումը: Ի դեպ, հենց նա դարձավ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականը զբաղեցնող միակ կինը: Հայտնի է, որ Ռուսաստանի նկատմամբ բավական զգուշավոր ու ջերմ վերաբերմունք ունի նաև ՀՅԴ-ն: Ու երբ այս համատեքստում դիտարկում ենք ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ` առաջին հայացքից աբսուրդային թվացող համագործակցությունը, ամեն ինչ կարծես հասկանալի է դառնում:
Այսպիսով, Եվրասիական միությանն անդամակցության հարցը կարող է դառնալ Հայաստանի ներքաղաքական գործընթացները կանխորոշող լուրջ գործոն` դառնալով նաև ընտրություններից առաջ իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու արդյունավետ միջոց: Այսինքն` Եվրասիական միությանն անդամակցությունը կարող է դառնալ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` իշխանության մնալու գինը: Եթե՝ ավելի պարզ, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ռուսները ՀՀ իշխանություններին ուղիղ տեքստով սպառնան` կա՛մ անդամագրվում եք Եվրասիական միությանը, կա՛մ 2013 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի ընդդիմությունը հանդես է գալիս միասնական թեկնածուով և հաղթում: Տվյալ դեպքում երկրորդական է, թե ո՞վ կարող է հանդես գալ այդ թեկնածուի դերում` Ռոբերտ Քոչարյա՞նը, Վարդան Օսկանյա՞նը, թե՞ ՀԱԿ-ից որևէ մեկը: Սա, բնականաբար, գիտակցում է նաև իշխանությունը, որը կարծես նաև նահանջի տեղ է թողնում` չբացառելով, որ իրադարձությունների անբարենպաստ ընթացքի դեպքում կարող է համաձայնել Եվրասիական միությանն անդամակցությանը: Այդ մասին դեռևս պաշտոնապես, բարձրաձայն ոչինչ չի ասվում, սակայն դատելով իշխանական քաղաքագետների, վերլուծաբանների հայտարարություններից՝ իշխանությունն, այնուամենայնիվ, նաև այդ քայլը արդարացնելու հող է նախապատրաստում: Օրինակ, այդ շրջանակների կողմից կարծիք է հնչում, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դրա դիմաց միլիարդավոր դոտացիաներ տրամադրի: Այսինքն` վճարի անդամակցության դիմաց: Նման տեսակետներն, իհարկե անհեթեթ են, քանի որ, փաստորեն, առաջարկվում է «մեծ փողի» դիմաց՝ անդամագրվել մի կառույցի, որը ոչ միայն Հայաստանին որևէ հեռանկար չի խոստանում, այլև ավելի է խորացնում Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունները: Այս «մտավարժանքների» նպատակը, թերևս, այն է, որ եթե իշխանությունները ստիպված լինեն տեղի տալ ռուսների ճնշումներին, ապա հասարակությանը գոնե կարողանան համոզել, որ Եվրասիական միությանն անդամակցությունը լուրջ տնտեսական օգուտներ կարող է ունենալ: Ռուսաստանից դրամական օգնություններ ստացող ու ռուսական «Հայրենակիցներ» ծրագրով արտագաղթելու համար հերթ կանգնող հայ հասարակության զգալի հատվածի համար դա կարող է ոչ միայն բավարար, այլև ցանկալի հիմնավորում համարվել: Մյուս կողմից, նման «մեսիջները» կարող են ուղղվել նաև եվրոպացիներին. «եթե ցանկանում եք, որ շարունակենք եվրաինտեգրացիան, ապա առանց «ժողովրդավարության վիճակի» վրա առանձնապես ուշադրություն դարձնելու՝ արտոնյալ վարկեր տվեք, որպեսզի կարողանանք պոկվել Ռուսաստանից»: Սակայն, անկախ դրդապատճառներից, Եվրասիական միությանն անդամակցության հարցը նման` փողային հարթությունում քննարկելը ոչ միայն անհեթեթ է, այլև խիստ վտանգավոր: Եվրասիական միության ու Եվրամիության միջև ընտրությունը ընտրություն է՝ ոչ միայն և ոչ այնքան փողի, որքան մի կողմից` արժեքային համակարգի, մարդու իրավունքների ու ազատությունների, մյուս կողմից` տոտալիտար երկրի ֆորպոստի կարգավիճակի և սուվերենության կորստի վտանգի միջև: Ստացվում է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած գործընթացի կամ կառույցի միանալու առաջարկ, եթե «մեջը փող լինի»: Այդ դեպքում, գուցե, կարելի է քննարկել նաև, ասենք, Արաբական պետությունների լիգային անդամակցության հարցը, եթե առաջարկողները «լավ փող» խոստանան: