Բաժիններ՝

«Մատչելի բնակարան»՝ ոչ բոլոր երիտասարդ ընտանիքներին

2012թ. հուլիսի 25-ին «Ազգային հիպոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 29 վարկ` 270.4 մլն դրամ ծավալով: Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 109 հիպոթեքային վարկ` 862 մլն դրամ ծավալով:
Պաշտոնական հաղորդագրության մեջ հպարտությամբ նշվում է, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» առաքելությունն է՝ Հայաստանի հիպոթեքային շուկան դարձնել իրացվելի, կայուն և հասանելի: Ընկերության նպատակն է՝ հիպոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիպոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:
Այդուհանդերձ, «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի էֆեկտը համարժեք չէ դրա շուրջ առաջացած ոգևորությանը։ Դեռ սկզբնական փուլում ոլորտի պատասխանատուները հաշվարկներ էին կատարել՝ ճշտելու համար, թե այս ծրագիրը քանի՞ պոտենցիալ մասնակից կարող է ունենալ։ Այլ կերպ ասած՝ քանի՞ երիտասարդ զույգ կա, որ ունի բնակարանի խնդիր և վարկ վերցնել չի կարողանում՝ վարկավորման անհարմար պայմանների պատճառով (նախնական պարտադիր կանխավճար, բարձր տոկոսադրույք, և այլն)։ Ըստ այդմ, ստացվել էր, որ Հայաստանում այս ծրագրի թիրախային խմբում են 40.000 երիտասարդ զույգեր, ովքեր կարող էին օգտվել ծրագրից։ Պետությունը վերաֆինանսավորում էր տարեկան 300 վարկ։ 40.000-ի մեջ դա դեռ մի բան էլ քիչ էր թվում: Ստացվում էր` վարկ կարող է ստանալ բնակարանի կարիք ունեցող երիտասարդներից յուրաքանչյուր 133-րդը:
Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ի սկզբանե քիչ թվացող 300 վարկի հնարավորությունն էլ պետք եղածից շատ է, պահանջարկ չկա։ Օրինակ, նշենք, որ այս տարվա մարտ-հունիս ամիսներին կնքված վարկային պայմանագրերը թվով 129-ն են, համապատասխանաբար` 935.3 մլն ՀՀ դրամ արժույթով:
Ավելացնենք, որ այս ծրագիրը հաստատվել է Կառավարության 98-Ն որոշմամբ (ընդունվել է 2010թ. հունվարի 29-ին), որում մի այսպիսի հետաքրքիր միտք կա. «Վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ ամուսնացած երիտասարդների շուրջ 46 տոկոսը պատրաստ է բնակարան ձեռք բերել հիպոթեքային վարկավորման միջոցով, սակայն նրանց մեծ մասը խուսափում է նշված միջոցից` նկատի ունենալով բարձր տոկոսադրույքները և վստահության բացակայությունը ներկայումս գործող հիպոթեքային համակարգի նկատմամբ»։ Ստացվում է, որ հիմա ավելի շատ հակառակ երևույթն է նկատվում. ոչ թե երիտասարդները չեն վստահում հիպոթեքային համակարգին, այլ՝ հիպոթեքային համակարգը չի վստահում երիտասարդներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս