ԱՀԱԶԱՆԳ. Ջանֆիդայի գյուղացիները լուրջ վնասներ են կրել
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի սահմանն առավել խիստ է հսկվում: Երկու օր առաջ, առավոտյան ժամը 7:00-ից, երբ գյուղացիները պատրաստվում էին վերսկսել իրենց հողամասերի աշխատանքները, սահմանի անցակետում խնդիրներ առաջացան: Զինվորները տեղեկացրեցին, որ սահմանը հատելու անցատոմսերն այսուհետ առավել խիստ պետք է վերահսկվեն: Դարպասների մոտ հավաքված մարդկանց մի ստվար զանգվածի ներս չէին թողնում: Պատճառն անցատոմս չունենալն էր: Հողատերերը մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող` աշխատող մարդիկ չէին էլ կարող անցատոմսեր ունենալ, քանի որ նրանք վարձու աշխատողներ են: Սահմանում 5 հա մշակովի հողատարածք ունեցող գյուղացիներից մեկն անելանելի վիճակում էր հայտնվել. 5 հա բերքատու տարածք ունեցող գյուղացին այդ օրն իր հողամասից պետք է տարբեր տեսակի բանջարեղեն հանձներ իրացնող կազմակերպություններին, որոնց մատակարար մեքենաները սահմանի դարպասների մոտ, ըստ պայմանավորվածության, սպասում էին ապրանքին: Գյուղացին չէր կարողանում ներս մտցնել ոչ իր աշխատակիցներին, ոչ էլ մատակարարներին: Նախկինում սահմանի անցակետում նույնպես կատարվել էին վերահսկման, ստուգման աշխատանքներ, սակայն այս աստիճան խստություն, այն էլ, ինչպես գյուղացիներն էին պնդում` «ոչ հիմնավոր», երբևէ չի եղել: Հողատերերը տարիներ շարունակ կարողացել են իրենց անցատոմսերով կամ աշխատակիցների անձնագրերով աշխատուժ ներս մտցնել: «Ոչ մի խնդիր երբևէ չի եղել: 25 տարի է` աշխատող եմ բերում հողերումս աշխատելու համար, նման խնդրի չեմ հանդիպել: Այս տարիների ընթացքում իմ կողմից ոչ մի խախտում չի գրանցվել: Իմ դաշտերը շատ են: Ես իմ ընտանիքով չեմ կարող մշակել դրանք: Բացի դա, հնարավորություն ունեմ աշխատող վարձելու, ինչո՞ւ պետք է նման խնդիրների առաջ կանգնեմ: Ես գարնանից չեմ կարող հավաքել ինձ համար աշխատողների մշտական խումբ: Դա անիմաստ է: Ես հողատեր եմ, տարբեր բաներ եմ մշակում, ո՞նց կարող է նույն աշխատողն ամեն ինչ անել ամբողջ տարվա ընթացքում: Դրա համար էլ, կախված աշխատանքի ծանրությունից` աշխատողներ եմ բերում: Ուղղակի անհնար է անցատոմսեր ձեռք բերել քեզ մոտ աշխատող բոլոր աշխատողների համար»,- ասաց սահմանամերձ գյուղի բնակիչ, ֆերմեր Արայիկ Ղարիբյանը: Գյուղացին այդ օրը, ըստ պայմանավորվածության, 4 տարբեր կազմակերպությունների 10տ գյուղմթերքով էր ապահովելու, սակայն նա ստիպված էր եղել 6 ժամ սահմանի դարպասների մոտ սպասող իր աշխատողներին հետ ուղարկել: Իրավիճակի արդյունքում, փաստորեն, գյուղացու աճեցրած բերքը` ձմերուկ, սեխ, լոլիկ, և այլն, փչացավ, որի արդյունքում` նա մեկ օրում կրեց առնվազն 1500-2000 դոլարի վնաս:
Զորամասի հրամանատարի և գյուղապետի հետ ունեցած երկար բանակցություններն անիմաստ էին: Նրանք պնդում էին, որ իրավասու չեն առանց անցատոմսերի մարդկանց ներս թողնել, նույնիսկ այն դեպքում, եթե այդ մարդիկ գտնվում են նույն գյուղի բնակչի պատասխանատվության տակ: Գյուղացիներն ասում էին, որ ստեղծված իրարանցումն առաջացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` սահմաններն առավել խիստ վերահսկելու որոշման պատճառով: Եթե նախկինում գյուղապետը կարող էր որևէ կերպ աջակցել իր գյուղացուն, ապա այսօր նա այդ լիազորությունը չունի: Այսպես է ներկայացրել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի գյուղապետ Է. Մանուկյանը գյուղացիների` իրենց աջակցելու պահանջը: Արդյունքում` տուժեցին և շարունակում են տուժել գյուղացիները: Մեր զրուցակից Արայիկ Ղարիբյանը ստեղծված իրավիճակի պատճառով չկարողացավ հավաքել իր հողամասի 10տ հասած բերքը, որի գնորդի հետ մինչ այդ արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Գնորդը սպասում էր, բայց գյուղացին չէր կարողանում իր բերքը դուրս բերել իր հողամասից: «Վաղն այս բերքն արդեն հավաքելու բան չի լինի: Ես գարնանից սրա համար տանջվել եմ: Ստացվում է` ունեմ բարձրորակ բերք, գնորդներ, բայց չունեմ իմ հողամասում աշխատուժ մտցնելու իրավունք: Եթե ես և իմ պես գյուղացիները, ֆերմերներն աշխատուժ չունենանք, ո՞նց կարող ենք մեր բերքը շուկա հանել: Ոնց որոշումն ընդունել են, թող էդպես էլ հարցին լուծում տան«,- ասաց ֆերմերը, ով ամբողջ օրվա լարվածությունից` սթրեսային ծանր վիճակում էր հայտնվել: Այսօր 168.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից: Այն հարցին, թե սահմանամերձ գոտիներում անցատոմսերի բացակայությունն ինչո՞ւ է խանգարում գյուղացուն` իր բերքն իրացնել, նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչինչ չգիտեմ: Ես չգիտեմ` խոսքն ինչի՞ մասին է: Ըստ էության, նորություն չէ այն փաստը, որ սահմանամերձ գոտիներ անցնելու համար անցաքարտեր են անհրաժեշտ: Դա նորություն չէ, սակայն պատասխանել ձեր հարցերին`չեմ կարղ: Գուցե դուք դիմեք ՀՀ տարածքային կառավարման նախարարությո՞ւն: Այդ հարցով նրանք են զբաղվում»: Զանգահարեցինք ՀՀ տարածքային կառավարման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսպես պարզաբանեց խնդիրը. «Այդ հարցը կարգավորվել էր: Եթե նման հարց կա, ապա գյուղացիները կարող են համայնքի ղեկավարության` գյուղապետի ու մարզպետի միջոցով այդ հարցը լուծել: Դա հասարակ հարց է, որը կարելի է լուծել»: Մեր այն հարցին, թե համայնքի ղեկավարն արդյո՞ք իրավասու է այդ խնդիրը կարգավորել, քանի որ գյուղապետ Էդիկ Մանուկյանը գյուղացիներին ասել էր, որ նման իրավասություն նա չունի, ՀՀ ՏԿԱ Տարածքային ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը պատասխանեց. «Ուրեմն այդ համայնքի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին: Նա լավ էլ իրավասու է: Նա համայնքի ղեկավար է եղել, որպեսզի հարցը բարձրացնի մարզպետարանում և հարցին լուծում տա: Մարզպետն այդ հարցը շատ արագ կկարգավորի: Եթե դուք ճանաչում եք այդ գյուղի բնակիչներին, ապա փոխանցեք, որ մարզպետն այդ հարցը կարող է արագ կարգավորել»: Խնդրի կապակցությամբ դիմեցինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: «Այդպիսի խնդիր չկա: Մենք խորհրդակցություն ենք անցկացրել գյուղապետերի, Ազգային անվտանգության ներկայացուցիչների, սահմանամերձ զորանոցների հրամանատարների հետ, բոլոր խնդիրները կարգավորված են: Ըստ օրենքի, եթե գյուղացու աշխատողը տվյալ գյուղից չէ, ապա գյուղացին երեք օր առաջ պետք է դիմում ներկայացնի իր աշխատողների համար անցաքարտ ստանալու նպատակով, և խնդիրը կլուծվի»: