«Ժառանգությունն» իր ծառայություննե՞րն է առաջարկում ՀՀԿ-ին
Երեկ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները խորհրդարանում շրջանառության մեջ են դրել «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» և «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: Ինչպես պարզաբանվում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությաւն հաղորդագրության մեջ` «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի ուսումնասիրության, մասնավորապես` հանքարդյունաբերության, սեփականաշնորհման, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու, պետական գնումների գործընթացի ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև` ՀՀ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությամբ արձանագրված փաստերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար»: Առաջին հայացքից միանգամայն նորմալ է` «Ժառանգությունը» ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ և այդ նպատակով ժամանակավոր հանձնաժողով է ուզում ստեղծել: Դժվար է ասել` ինչ ճակատագիր կունենա նման հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» նախաձեռնությունը, սակայն, անկախ դրա ապագա ճակատագրից, կարելի է արձանագրել, որ դրանով «Ժառանգությունը» կարող է մեծ ծառայություն մատուցել իշխանություններին: Հատկապես` նախագահական ընտրություններից առաջ ու նախագահական քարոզարշավի ամենաթեժ շրջանում: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Հայաստանում խոսում են բոլորը, այդ թվում` կոռումպացված իշխանությունները: Նման խոսակցությունները ժամանակ առ ժամանակ որոշակի դրսևորումներ են ստանում, երբ իշխանությունը PR նպատակներով ինչ-որ վարչության պետի կամ համատիրության աշխատակցի է ձերբակալում` դա լայնորեն ցուցադրելով հեռուստառեպորտաժներում: Դժվար է ասել` որքանո՞վ են նման ակցիաները արդյունավետ հանրային արձագանքի առումով, այդուհանդերձ, գաղտնիք չէ նաև, որ հասարակությունը սիրում է «պաշտոնյաներին պատժելու» տեսարաններ: Հատկապես ընտրություններից առաջ իշխանությունը հիշում է այդ մասին, և պատահական չէ, որ նախընտրական շրջանում «կոռումպացված պաշտոնյաների բացահայտման դեպքերը» շատանում են, երբեմն նաև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ են քրեական գործեր հարուցվում: Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործը ևս կարելի է դիտարկել այդ տրամաբանության շրջանակներում: Իհարկե, այդ գործը նաև ներիշխանական հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու մոտիվացիա ուներ, սակայն հընթացս նաև քարոզչական էֆեկտ ապահովեց իշխանության համար: Ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավում իշխանությունը ևս չի դիմանա «կոռուպցիայի դեմ պայքարի» տեսարաններ ներկայացնելու գայթակղությանը: Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ միայն նախկին մեթոդներով «կոռուպցիայի դեմ» պայքարը ցանկալի արդյունքներ չի ունենա: Հիմա հասարակությունն ավելի տեղակացված է, սոցիալական ցանցերն անմիջապես արձագանքում են կատարվող իրադարձություններին, և ավելի հեշտ կլինի բացահայտել այս կամ այն պաշտոնյայի ձերբակալության «քարոզչական» բլեֆները: Նման պայմաններում «Ժառանգության» նախաձեռնությունն ուղղակի նվեր է իշխանության համար: Ընդդիմադիր խմբակցությունը ժամանակավոր հանձնաժողով է ստեղծում, դրա շրջանակներում բացահայտվում է «կոռումպացված պաշտոնյաների դեմքը», նյութերն ուղարկվում են Դատախազություն, քրեական գործեր են հարուցվում, և այդպես շարունակ: Ասվածը չի նշանակում, թե «Ժառանգության» նախաձեռնությունը իշխանական մտահղացման արդյունք է, սակայն դժվար է չնկատել, որ իշխանությունը կարող է դրանից զգալի օգուտներ ստանալ որոշակի գործարքի արդյունքում: Գործարքի էությունը շատ պարզ է: Ակնհայտ է, որ եթե անգամ «Ժառանգությունը» կարողանա այս նախաձեռնության շուրջ ստանալ ոչ իշխանական բոլոր պատգամավորների համաձայնությունը, դա բավական չէ օրինագիծն ընդունելու համար, քանի որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» միասին ունեն 54 պատգամավոր: Իշխանությունը կարող է ապահովել այս նախաձեռնության համար պահանջվող ձայները` պայմանով, որ ժամանակավոր հանձնաժողովի կողմից քննարկվելիք կոռուպցիոն դրսևորումներն ընտրելիս որոշակի «խորհրդատվություն» անցկացնեն, ասենք, Գալուստ Սահակյանի հետ: Այսինքն` իշխանությունը կարող է այդ ժամանակավոր հանձնաժողովում «մասնաբաժին» ունենալ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Կարող է հարց առաջանալ` իսկ «Ժառանգությունը» կհամաձայնվի՞ նման գործարքի: Թերևս, այո, որովհետև այդ հանձնաժողովից առաջին հերթին քարոզչական էֆեկտ կարող է ստանալ «Ժառանգությունը»: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանին դեռևս հայտնի չէ` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, բայց տվյալ դեպքում դա էական չէ: «Ժառանգությունը» խաղի մեջ է, իսկ նախագահական ընտրությունների նման մեծ խաղի մեջ «կոռուպցիոն թղթապանակները» հաստատ չեն խանգարի: Մնում է սպասել` հասկանալու համար` իշխանությունը կօգտվի՞ «Ժառանգության» առաջարկից, թե՞ ոչ: Ի դեպ, ընտրություններից հետո, կոալիցիայի ձևավորման նախօրեին ՀՀԿ-ն հայտարարում էր, որ պատրաստ է համագործակցել ԱԺ անցած բոլոր ուժերի հետ, եթե վերջիններից առաջարկ ստանա: «Ժառանգությունը», փաստորեն, ընդունել է առաջարկ ներկայացնելու` իշխանության առաջարկությունը: