Հայաստանում երիտասարդ գիտնականները նվազագույն աշխատավարձ են ստանում
Հայաստանում պետական բյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել 10%-ով, ինչը, ըստ գիտնականների` բավարար չէ: Գիտությունը պետք է ֆինանսավորել գոնե կրկնակի, քանի որ այսօր Հայաստանի երիտասարդ գիտնականները ստանում են նվազագույն աշխատավարձ` 35-40 հազար դրամ: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով`հաճախ խոսվում է շատ ավելիի մասին, սակայն աշխատավարձից համապատասխան պահումները (սոցապ վճարները և եկամտահարկը) հանելու դեպքում` գիտնականին մնում է չնչին գումար: «Գիտության ֆինանսավորումը պետք է առնվազն կրկնակի դարձնել և բարձրացնել գիտնականների աշխատավարձը: Այս խնդիրն ունեն գիտական բոլոր հիմնարկները»,- ասաց Ա. Միքայելյանը: Նրա խոսքով` ներկայումս որոշ գիտնականներ կան, որոնք ավելի ակտիվ են մասնակցում տարբեր միջազգային ծրագրերի և իրենց տրվող աշխատավարձից մի քանի անգամ ավելի գումար են կարողանում վաստակել, սակայն դա խնդրի լուծում չէ: «Իհարկե, կան տարբեր միջազգային համագործակցության ծրագրեր, սակայն, պետությունը չպետք է իր հույսը դնի դրանց վրա: Պետությունը պետք է ապահովի նվազագույնը, որպեսզի մարդը գոնե կարողանա գոյատևել, դեռ չեմ խոսում բարեկեցիկ ապրելու մասին»,- ասաց Ա. Միքայելյանը: Գիտնականն ասում է, որ գիտությամբ զբաղվելը շատ բարդ է, և բոլորին տրված չէ, ուստի անհրաժեշտ է գիտնականների աշխատավարձը հասցնել գոնե միջին աշխատավարձի՝ 120 հազար դրամի:
Նշենք, որ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2012թ. հունվարի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը 112 հազար դրամ է:
«Հայաստանում գիտնականների աշխատավարձի մասին խոսելիս «երիտասարդ» բառը պետք է չառանձնացնենք, քանի որ այստեղ բոլորն են փոքր գումարներ ստանում, մինչդեռ արտասահմանում առանձնացնում են երիտասարդ գիտնականներին, քանի որ մեծ տարիքի գիտականների բարձր աշխատավարձն արդեն իսկ ենթադրում է, որ նրանք մեծ գումարներ են վաստակում»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ գիտության ֆինանսավորումն ավելացնելով` Հայաստանի պետական բյուջեն ճեղքվածք չի ունենա, քանի որ գիտության ֆինանսավորումը պետական բյուջեի շատ ցածր տոկոսն է կազմում: «Այսպես ասած, բյուջեի վերակառուցում չի լինելու, սա բյուջեի մեջ ընդամենը փոքրիկ փոփոխություն է ենթադրում»,- ամփոփեց գիտնականը: