Հացը թանկացել է
Վերջին ժամանակներս առավել հաճախ ենք հանդիպում այս կամ այն արագ սպառման ապրանքների թանկացման դեպքերի, օրինակ` հացամթերքի: Վերջին օրերին հերթական անգամ 20-30 դրամով հացի թանկացում է գրանցվել: Այսօր արդեն սպառողը 380 գրամանոց հացի համար, նախկին 100 դրամի փոխարեն, ստիպված է վճարել 130 դրամ:
Խանութի վաճառողների պնդմամբ` իրենք հացն ընդունում են հաց արտադրող ընկերություններից և ընդունում են այն գնով, ինչ սահմանում են նրանք, ուստի իրենք չեն կարող որևէ մեկնաբանություն տալ հացի գնի թանկացման վերաբերյալ:
Տնտեսվարողներն, ինչպես միշտ` ունեն իրենց բացատրությունը. ամեն ինչ կապված է ցորենի միջազգային գների հետ: 168.am-ի հետ զրույցում «Բաղրամյանի ալրաղաց գործարանի» պահեստապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ «հացը թանկացել է ալյուրից, ալյուրը թանկացել է ցորենից, ցորենը թանկացել է համաշխարհային շուկայում: Որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»: Հարցին, թե իրենց արտադրանքը քանի՞ դրամով է թանկացել, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ մոտավորապես 20%-ի չափով, բայց կոնկրետ գին ասել չի կարող: «Մենք այստեղ հաց ենք արտադրում, գների մասին ես տեղյակ չեմ»,- ասաց Ա. Հարությունյանը:
«Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «ալյուրի գնի թանկացման մի քանի գործոններ կան, սակայն այսօրվա պարագայում դա, բնականաբար, միջազգային գնի բարձրացումն է: Այս դեպքում, անշուշտ, համաշխարհային ալյուրի գնի թանկացումն է: Որ ուսումնասիրենք շուկան` կտեսնենք համարժեք մի բան էլ` գները քիչ են բարձրացել: Վերջին երեք ամիսների ընթացքում ալյուրի գինը մի քանի անգամ թանկացել է` մոտավորապես 5 դոլարով: Եթե առաջ մեր արտադրանքի 1 կիլոգրամն արժեր 310 դրամ, ապա այսօր այն արժե 330 դրամ: Համարժեք թանկացում շատ քիչ է տեղի ունեցել: Փորձում ենք հարմարեցնել ժողովրդի գրպանին: Եթե խոսենք հացի մյուս բաղադրիչների մասին, ապա նրանք շատ չնչին տոկոս են կազմում հացի պատրաստման գործում, այդ իսկ պատճառով միայն ալյուրի թանկացումն է, որ ազդում է հացի գնի վրա»: «Մանանա Գրեյն» ՍՊԸ հաշվապահ Արտյուշ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց արտադրանքի գների բարձրացումը պայմանավորված է միայն դրսից ներկրված ցորենի գների բարձրացմամբ, ինչպես նաև` դոլարի թանկացմամբ: «Ներկրումը թանկ է նստում տնտեսվարողի վրա: Այդքան բան»,- մեկնաբանեց նա:
Իսկ թե որքան կթանկանա ներկրվող ցորենը և դրանից ստացվող ալյուրը` ցույց կտա ժամանակը: