Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը դոպինգ-թեստի խնդիր չի ունենա

Դոպինգից ապահովագրված ենք եւ դրա հետ կապված խնդիր չունենք։ Այս մասին հուլիսի 19-ին կայացած նախաօլիմպիական ասուլիսում հայտարարեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«2010 թվականին, երբ ես նոր էի նշանակվել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, իմ առաջին գործողություններից մեկն այն էր, որ Հայաստանում կազմակերպեցի Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստը, որն անցկացվեց Ծաղկաձորում։ Նիստի շնորհիվ հայ մասնագետները ծանոթացան ժամանակակից հակադոպինգային ծառայություններին եւ բոլոր այդ արգելված դեղորայքներին։ Այդ նիստի շրջանակներում ութ դոպինգ-սպա քննություն հանձնեց եւ իրավունք ստացավ Հայաստանում ծավալել գործունեություն։

Այժմ բոլոր 25 մարզիկներին, յուրաքանչյուրին առնվազն երեք անգամ ՀԱՕԿ-ը պարտավոր էր բուժզննում անցկացնել։ Սա Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջն է։ Ի դեպ, ամեն հետազոտություն 550 եվրո է։ Ընդհանուր առմամբ, շուրջ 150 հետազոտություն է արդեն արվել։ Վստահ հայտնում եմ, որ այս պահին մեր մարզիկները դոպինգի հետ կապված խնդիրներ չունեն։

Սա միայն մեր երկրում արված հետազոտությունների արդյունքներն են։ Երբ մարզիկները ժամանեն օլիմպիական ավան, կանցնեն եւս մեկ դոպինգ-թեստ։ Բայց այս դեպքում էլ խնդիրներ չենք ունենա, որովհետեւ հավատում ենք մեր մարզիկներին։

Այս ոլորտում մենք մեծ առաջընթաց ունենք։ Դոպինգ-թեստերը դարձել են մեր հաղթանակների բաղկացուցիչ մասը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս