Բաժիններ՝

ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում տեսախցիկներ են դրվում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի որոշ մասերում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերություններից խուսափելու և դրանք կանխարգելելու համար արդեն կան տեղադրված տեսախցիկներ, այս մասին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության և ԼՂՀ ՊԲ համատեղ ծրագրի շրջանակներում պաշտպանության բանակ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը։
«Մենք ունենք զորամասեր, որոնց մի մասում, պահակային ավաններում, հսկիչ անցագրային կետերում տեղադրված են տեսախցիկներ, սակայն զինծառայողներին վերահսկելու համար դա շատ քիչ է, քանի որ պատահարների մեծ մասը գրանցվում են հենց առաջնային գծում, որտեղ սպայական կազմը քիչ ներգրավվածություն ունի»,- ասաց Մովսես Հակոբյանը: Հարցին, թե ինչո՞ւ միայն զորանոցներում և մշտական տեղակայման վայրերում են տեղադրվում տեսախցիկները, Մովսես Հակոբյանն ասաց, որ այդ մասին դեռ կմտածեն, քանի որ տեսախցիկներ տեղադրելը նաև նյութական միջոցների հետ է կապված: Նա նշեց նաև, որ այս տարվա ընթացքում տեղի ունեցած ինքնասպանություններից մեկի պատճառը եղել է երկու ընկերների միջև վեճը, երբ մարտական դիրքում ընկերը միզել է «սխալ» վայրում, մեկ զինվոր էլ ինքնասպան է եղել զինծառայակցի կողմից հայհոյանք ստանալու համար, երրորդ դեպքում էլ մեղավոր է եղել սպան:
«Սպային քնից արթնացրել է, թե շտաբի պետն է գալիս, սպան վեր է կացել, տեսել է, որ երիտասարդ մի սպա է գալիս, ասել է «ես քո խաղալի՞քն եմ», մի կուբիկ (տուֆաքար) է դրել ուսապարկի մեջ և պատժելով ասել է վազի, զինվորն էլ ինքնասպան է եղել»,- պատմեց Մովսես Հակոբյանը:
ՊԲ հրամանատարի հավաստմամբ՝ արդեն իսկ վեց ամիս ծառայած բոլոր զինծառայողներին Պաշտպանության բանակում տրվում են արձակուրդներ՝ նրանց խրախուսելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս