ՀՅԴ. Իշխանությունները լիովին ձախողել են արտաքին և ներքին քաղաքականությունը
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ամենայն ակտիվությամբ մասնակցելու է առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ նախագահական ընտրությունների հետ կապված Գերագույն ժողովի տրամադրություններն այն են, որ ՀՅԴ-ն պետք է մասնակցի իր սեփական թեկնածուով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի պաշտոնում վերընտրված Արմեն Ռուստամյանը:
«Սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից և նաև, թե որքանով է հնարավոր համախմբել ընդդիմադիր զանգվածը, վերջնական որոշումը վերապահվել է նորընտիր Գերագույն մարմնին»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ այս հարցը կորոշվի արտակարգ Գերագույն ժողովով, որը կհրավիրվի միմիայն նախագահի թեկնածուի օրակարգով:
Հիշեցնենք, որ Վանաձորում ՀՅԴ-ն հուլիսի 5- 8–ը անցկացնում էր Գերագույն ժողով, որն անդրադարձել է երկրում և կուսակցության ներսում առկա բոլոր խնդիրներին. արտաքին քաղաքական, ներքին, սոցիալական, տնտեսական, ինչպես նշվեց՝ մի քանի հարյուր հարցերի:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ է Արմեն Ռուստամյանը տեսնում այդ համախմբումը, արդյո՞ք միասնական շտաբի մաս կազմող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ այն իր առաքելությունն ավարտել է, բայց հիմա կա ընտրազանգվածի առկայություն:
«Բնական է, որ այսօրվա կոալիցիան կունենա իր միասնական թեկնածուն ի դեմս գործող նախագահի, և եթե համամասնական ընտրակարգով իրենց ստացած ձայները գումարում եք, տեսնում եք, որ 50 տոկոս չեն, իսկ սա նշանակում է, որ 50 տոկոսից ավել դաշտ կա, որը ցանկացած քաղաքական ուժ պետք է իր առջև խնդիր դնի համախմբել»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ նոր այս թեկնածուն հստակ պետք է հանդես գա երկու թեզով՝ հրաժարվել նախագահական համակարգից և անցնել խորհրդարանական համակարգին: Իսկ երկրորդը՝ ընդդիմությանը վերապահել իշխանության վերահսկման լծակներ:
«Եթե այս գաղափարի շուրջ համախոհություն կառաջանա, ապա միշտ կգտնվի թեկնածուն, որը կիրականացնի և մենք պատրաստ ենք գնալ այսպիսի ծրագրով նախագահական ընտրությունների»,- ասաց դաշնակցականը:
Հիշեցնենք, որ Վանաձորում անցկացված Գերագույն ժողովի վերջում ընտրվեց ԳՄ նոր կազմ՝ որոշակի փոփոխություններով. ԳՄ-ում ներառվեցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ նախկին ԳՄ անդամներ Արա Նռանյանը, Սիմոն Սիմոնյանը, Թաթուլ Հարությունյանը և Հայրապետ Բաբայանը չեն վերընտրվել:
ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմը, ըստ Արմեն Ռուստամյանի, ինքնին վկայում է, որ Գերագույն ժողովը վերահաստատում է այն քաղաքական ուղեգիծը, այն հիմնական ուղղությունները, որով որ «շրջան առաջ» Գերագույն մարմինը գործել է:
«Արդեն 17–րդ ԳԺ-ն է, և չի եղել մի բացառություն, որ դրանից առաջ մամուլում ստահոդ լուրեր չտարածվեն, որ, իբրև թե, Դաշնակցությունում ինչ-որ թևեր են առաջացել, պառակտումներ, լարվածություն կա … Այս ամենն, ինչպես միշտ, և ի հեճուկս լուրերի, մեղմ ասած՝ չարդարացան ձևակերպումներն ու հաստատումները, որովհետև Դաշնակցությունը իսկապես ժողովրդավարական կառույց է»,- նշեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ԳԺ-ն էլ անցել և ավարտվել է դաշնակցական ավանդույթներին համապատասխան՝ շահագրգիռ ու խորքային քննարկումների մթնոլորտում:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն իրենց վարած արտաքին և ներքին քաղաքականությունն ամբողջովին ձախողել են, բոլոր ոլորտներում դաշնակցականներն արձանագրել են հետընթաց, մտահոգիչ արձանագրումներ, որոնք իսկապես կործանարար բնույթ ունեն մեր երկրի համար: Գումարային արտահայտությամբ սա կազմում է երկրում գործազրկությունն ու աղքատության մակարդակը, որը, ինչպես արձանագրել են դաշնակցականները, այսօր երկու անգամ պակասեցված է: Արտագաղթ, մենաշնորհներ, օր օրի աճող արտաքին պարտք, որը չի վերածվում երկրի համար բարենպաստ ծրագրերի:
Սրանք այն խնդիրներն են, որոնք ՀՅԴ Գերագույն ժողովը կարևորում է ոչ միայն Դաշնակցության, այլև Հայաստանում ստեղծված արտաքին քաղաքական, սոցիալական, տնտեսական կացության մեջ և սա, ըստ Արմեն Ռուստամյանի, արտահայտում է ողջ կառույցի տեսակետը:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Գերագույն ժողովի ընթացքում ներկայացվել է նաև ՀՅԴ ԳՄ երկամյա հաշվետվությունը, և պատասխաններ են տրվել բոլոր հարցերի հետ կապված, և, ըստ Արմեն Ռուստամյանի, թերևս, դա է եղել պատճառը, որ մամուլում գրվում է, թե ինչ-որ «թեժ խլրտումներ են սպասվում Դաշնակցության կառույցի մեջ»: