Բաժիններ՝

«Երկիրը քանդվելուց առաջ ու հետո»

Նունիկ Հովհաննիսյանի` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «տունն» ավելի շատ հասարակական վայր է: Դժվար է ընկալել, թե ով ում բարեկամն է, բայց մի բան հաստատ է` Նունիկն ունի 5 երեխա, 11 թոռ, հիվանդ եղբայր, հիվանդ եղբոր անմայր երկու երեխա ու մի ամուսին:

Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Նունիկի բնակարանում ապրում են քսան հոգով ու նրանց տան մթնոլորտն ավելի շատ հատուկ է հասարակական վայրերին: Ամեն րոպե աչքիդ առաջ հայտնվում է մի նոր մարդ, ու որքան էլ թվում է, թե արդեն ծանոթ ես ընտանիքի անդամներին, միեւնույն է` նորից հայտնվում է նոր մարդը: Նոր մարդը կամ Նունիկի զավակն է, կամ էլ գյուղից եկած ազգականը, որն անտուն է կամ հիվանդ: Մի խոսքով` Նունիկի ազգուտակի «ապահովվածը» հենց Նունիկն է, ում նայելիս` լացդ գալիս է, բայց Նունիկը գրկաբաց ընդունում է կարիքավոր ազգականներին ու ապաստան է տալիս:

Նունիկի տան գարշահոտին դիմանալը նույնն է թե` առանց հակագազի հրդեհից հետո ծխացող տարածք մուտք գործելը, բայց Նունիկը մեր նողկանք արտահայտող հայացքները լայն ժպտալով դիմավորում ու նույն ժպիտով էլ ճանապարհում է: Ասում է` «Ի՞նչ անենք, որ քյասիբ ենք, բայց հոգով հո հարուստ ենք»: Հոգով հարուստ Նունիկը, չնայած օրական իր 500-1000 դրամ եկամուտին, առանց տրտնջալու պահում է իր քսան հոգանոց գերդաստանին: «Մենք աշխատող մարդիկ ենք: Երբ որ գործարանները փակվեցին` զիբիլանոցների ճամփեն բռնեցինք: Ես ու ամուսինս մեր ամբողջ կյանքում գործարանում բանվորություն ենք արել, բայց երբ երկիրը քանդեցին` ընկանք փողոցները»,- ասում է Նունիկը` իրենց կյանքը բաժանելով «երկիրը քանդվելուց առաջ ու քանդվելուց հետո» մասերի: «Երկիրը քանդվելուց առաջ» ամուսինները «նամուսով» բանվորություն էին անում ու իրենց հինգ երեխաներին մեծացնում էին, իսկ «երկիրը քանդվելուց հետո» ամուսիններն իրենց հինգ երեխաների հետ տեղափոխվեցին մայրաքաղաքի աղբավայրեր: Բայց Նունիկը` անգամ աղբանոցներում իրենց գործունեության մասին պատմելիս, լայն ժպտում է` ասելով, թե ամբողջ ազգն է «զիբիլի» մեջ: «Դա էլ ա դժվար աշխատանք: Էս ահավոր շոգին, ահագին ճանապարհ ոտքով կտրում ենք, առավոտից իրիկուն ուրիշների զիբիլները քչփորելով` գունավոր մետաղ, շշեր, տան իրեր ու պետքական բաներ ենք հանում: Ի՞նչ անենք, թողնենք երեխեքը սովից մեռնե՞ն: Աշխատում ենք, փող չենք մուրում: Ավելի լավ ա զիբիլի մեջ աշխատեմ, քան թե գամ քեզնից փող մուրամ»,- ասում է Նունիկը ու խեղճացած նայում է ամուսնուն` Երվանդին: Ընտանիքի հայրը նույնպես իր կյանքի մասին խոսում է «երկիրը քանդվելուց առաջ ու հետո» բաժանումներով. կարծես երկու ճակատագիր է ունեցել, մեկի մասին երանությամբ է խոսում, իսկ մյուսն իրեն ցավ է պատճառում: Ասում է` «Էն ժամանակ բանվորական աշխատուժն էլ հարգվում էր, որովհետեւ կարայիր բանվոր լինեիր, բայց լավ ընտանիքի ու երեխաների տեր մարդ: Ես հիմա չգիտեմ` ով եմ: Զիբիլ հավաքող եմ, բայց Սովետից առաջ զիբիլ հավաքող չէի, հարգված մարդ էի: 53 տարեկան մարդ եմ, ում դիմում եմ, ասում են` տարիքդ էն չի, չենք կարա ընդունենք աշխատանքի: Հասկացանք, ջահել չենք, բայց աշխատասեր ենք, աշխատելու ունակ ենք: Թոշակի տարիքի չեմ, որ նստեմ տանն ու թոշակին սպասեմ, բայց աշխատանք էլ չեն վստահում: Գործարանները ոչնչացնելով` էս ժողովրդի ապագան էլ ոչնչացրին»: Երվանդը գործարանների մասին խոսելիս դառնանում է, որովհետեւ գուցե գործարան ոտք դնելիս իրեն ամուր ու կարող տղամարդ էր զգում ու իր երեխաների աչքերին նայելիս գլուխը չէր կախում: Հիմա հինգ երեխաների աչքերին նայելիս` գլուխը կախում է, իր հինգ երեխաներն էլ իրենց երեխաների աչքերին նայելիս են գլուխը կախում ու հաստատ դեռ նրանց երեխաներն էլ իրենց երեխաների աչքերին նայելիս են գլուխ կախելու: Երվանդի երեխաներն ու իրենց երեխաները հիմա ապրում ու մեծանում են աղբավայրերից քչփորած, գտած հագուստներով, որի պատճառով էլ հավանաբար Նունիկի տանն իրենց հետ միասին հարմար «ապրում» է անտանելի գարշահոտը: Բայց Նունիկենց հոտառությունը վարժվել է աղբահոտին, որովհետեւ ոտքից գլուխ աղբի «ապրուստով» են գոյատեւում: «Զիբիլներից պետքական բաներ ենք գտնում` երկաթ, շիշ, տանում` հանձնում ենք ու օրական մի 500-1000 դրամ վաստակում ենք: Մեկ-մեկ հագուստն էլ բերում, լվանում, հագնում ենք»,- ասում է Նունիկը, ում որովայնից մի մեծ գունդ է կախված, ու էդ գնդով ամեն օր կիլոմետրեր է կտրում` աղբանոցներ հասնելու համար: Ճողվածք ունի… Անցյալ տարի դիմել է մասնագետներին, որոնք վիրահատության համար 1000 դոլար գումար են ուզել, ու այդ դեպքից հետո Նունիկն ընտրել է մինչեւ մահ ծանր ու ցավոտ մսագնդով ապրելու տարբերակը: 20 հոգանոց ընտանիքը պետությունից ոչ մի աջակցություն չի էլ ակնկալում, անգամ նպաստառուների ցանկում ընդգրկվելու դիմում չեն ներկայացրել: «Էս քանդված պետությունից ի՞նչ ուզես: Պետությունը կործանված ա»,- ասում է Երվանդը, ում խոսքերին ականջալուր լինելուց` թվում է` մայրաքաղաքը մի մեծ աղբ է, որից օգտվելով` գոյատեւում է ամբողջ մի ժողովուրդ:

Նունիկն ու Երվանդը զարմանալի մարդիկ են, որոնք Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող իրենց բնակարանում ստեղծել են պետություն` պետության մեջ: Ապրում են իրենց բարքերով ու օրենքներով, որտեղ ոչ մի դերակատարում չունի Հայաստան պետությունը: 20 հոգանոց ընտանիքի ծայրահեղ աղքատ կենսակերպի ֆոնին` Նունիկի մշտական ժպիտը միակ բանն է, որը մնացել է` «երկիրն ու գործարանները քանդելուց առաջ» իրենց կյանքի առաջին մասից: Իրենց կյանքի երկրորդ` երկիրն ու քանդված գործարանների մասում միայն արժանապատիվ ապրելու հիշողություններն են, աղբանոցի գարշահոտն ու անցյալից մնացած Նունիկի ժպիտը: Հարցնում եմ` «Դուք որպես աղբանոցներով գոյատեւող ընտանիք` երկրի նախագահին ի՞նչ կոչ կանեք»: Նունիկը լայն ժպտալով պատասխանում է` «Երկրի նախագահին մաղթում եմ առողջություն, հաջողություն: Թող միշտ առողջ լինի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս