Հայ խաղաղապահները մեկնեցին Կոսովո
Երեսունհինգ հայ խաղաղապահներ այսօր «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեցին Կոսովո: Նրանց ճանապարհելու համար օդանավակայան էին ժամանել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և այլ զինվորականներ:
Դիմելով հայ խաղաղապահներին Դավիթ Տոնոյանն ասաց, որ ՀՀ զինված ուժերը երբևիցե չպետք է ունենան անավարտ առաքելություններ, երբ առկա է գերագույն հրամանատարության համապատասխան հանձնարարությունը:
«Առավել կարևորն այն է, որ մենք հերթական անգամ հպարտությամբ և բաց ճակատով ենք կատարում այս արարողությունը: Սա արդեն մեր խաղաղապահների բարձր մասնագիտական պատրաստվածության, բազմազգ ուժերում գործելու հմտությունների ու հայ զինվորի մարտական կարգապահական արժեքների վկայությունն է»,– ասաց նա։
«Պատահական չէ, որ հայ խաղաղապահները Կոսովոյում և Աֆղանստանում վստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերել»,- խաղաղապահներին հիշեցրեց Դավիթ Տոնոյանը և ավելացրեց, որ հայ խաղաղապահների ծառայությունը բարձրացնում է ՀՀ ԶՈՒ-ի վարկն ու հեղինակությունը միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում:
Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Զինված ուժերին՝ վստահության և այն համակողմանի աջակցության համար, ինչի շնորհիվ Հայաստանից մեկնած անձնակազմի համար Կոսովոյում արդյունավետ ծառայություն է ապահովվելու:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ևս դիմեց հայ խաղաղապահներին ու բարի ծառայություն մաղթեց նրանց: Իսկ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությունը շատ բարձր է գնահատում հայ զինվորականների ծառայությունը և առաքելությունը:
«Մեծ մասամբ Կոսովոյում ծառայություն իրականացվում է անվտանգության ապահովման շրջանակներում: Ավելի շատ ապահովում են տարբեր վայրերի՝ լինի կրոնական կամ պատմամշակութային, անվտանգությունը, քանի որ մինչ օրս կան լուրջ տարաձայնություններ սերբ և Կոսովոյի ժողովուրդների միջև»,-ասաց նա։
Դեսպանը նաև ավելացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է գրանցվել հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ անվտանգության ապահովման շրջանակում:
Նշենք, որ հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշևաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում՝ 6-ամսյա ռոտացիոն հիմունքներով:
Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: Հայ-ամերիկյան խաղաղապահ խումբը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի մասն է կազմում: Հայաստանը 2004թ-ից ի վեր Կոսովո է ուղարկել ավելի քան 600 խաղաղապահ։