Ռազմական գործարքի կասեցումը զգուշացում է Ադրբեջանին

Ինչպես հայտնի դարձավ օրերս`ադրբեջանական ռազմական ուղղաթիռների համար նախատեսված ամերիկյան սարքավորումների շուրջ նախապես ծրագրված գործարքը չի կայանա։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքել է Կոնգրեսից հնչող մտահոգություններին, թե պաշտոնական Բաքվին մատակարարվելիք հետևող սարքերը կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:
Ըստ որոշ հայ քաղաքագետների՝ Պետդեպարտամենտի որոշումը սերտորեն կապված է վերջերս ադրբեջանի կողմից ակտիվացած դիվերսիոն գործողությունների հետ: Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով՝ կարևոր է, որ Կոնգրեսի դիմումին պատասխանել է Պետդեպարտամենտը և որոշումն ընդունվել է հենց Պետդեպարտամենտի մակարդակով։ Սրան նպաստեցին Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը և վերջին շրջանում Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները։ «Արդեն ԱՄՆ-ում Պետդեպարտամենտի մակարդակով փաստորեն հասկացան նման գործարքի վտանգավորությունը՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքը։ Սա բավական կարևոր փաստ է, որ նախապես ծրագրված նման մի գործարք, ռազմատեխնիկական մի համագործակցություն Պետդեպարտամենտի մակարդակով չեղյալ է հայտարարվում»,- ասալ է թուրքագետը, ապա հավելել. «Պետք չէ թերագնահատել նաև Հայ դատի կոնգրեսականների որոշ գործունեությունը, բայց մենք գիտենք, որ նախկինում էլ որոշ ռազմական մասով նախաձեռնություններ եղել են, Կոնգրեսի կողմից ևս որոշակի մտահոգություններ եղել են, բայց Պետդեպարտամենտի կողմից նման էական քայլ չի կատարվել»:
Հիշեցնենք, որ 2003-2008 թվականներին Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներ են հանդիսացել Ուկրաինան (364 միլիոն դոլար), Ռուսաստանը (128 միլիոն դոլար) և Վրաստանը (108 միլիոն դոլար): Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի` SIPRI-ի տվյալներով, 1998-2007 թվականներին Ադրբեջանի ընդհանուր ռազմական ծախսերն ավելացել են գրեթե 554 տոկոսով, իսկ 2006 թվականին այդ ծախսերը գործնականում կրկնապատկվեցին՝ նախորդ տարվա համեմատությամբ և հասան 625 միլիոն դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս