Թուրքմենստանը մտադիր է դատի տալ Ադրբեջանին
Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Կակագելդի Աբդիլաևը հայտարարել է, որ «Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի հայտարարությունները Կասպից ծովի «Սերդար» հանքավայրում Թուրքմենստանի կողմից աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, ընդամենը ադրբեջանական կողմի կարծիքն են արտահայտում և սույն հարցում չեն արտացոլում իրական վիճակը», հայտնում է արբեջանական apa.az-ը:
Թուրքմեն նախարարի խոսքով 2008-ին՝ Ադրբեջան` Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովի այցի ժամանակ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել, չնայած այն ժամանակ Թուրքմենստանը կոնկրետ առաջարկներով է հանդես եկել՝ վիճելի հարցի շուրջ:
Նախարարը նշել է, որ Թուրքմենստանը բազմիցս դիմել է Բաքվին՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները ծովի այն շրջաններում, որոնց իրավասությունը հստակեցված չէ, մասնավորապես Օմարի և Օսմանի հանքավայրերում: Ըստ նախարարի՝ BP-ի, Chevron-ի, Exxon Mobile-ի, Hess-ի, Inpex-ի, Itochu-ի, Statoil-ի, TPAO-ի, SOCAR-ի կողմից այս շրջաններում աշխատանքներ անցկացնելը հակասում է միջազգային իրավունքի դրույթներին:
«Ստեղծված իրավիճակում Թուրքմենստանին ոչինչ չի մնում անելու, քան դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան», – ասել է Աբդիլաևը:
Ծովային տարածքի բաժանման միջազգային իրավունքով Կասպից ծովի Սերդարի հանքավայրը գտնվում է Թուրքմենստանի տարածքային ջրերում, ինչի շուրջ, սակայն, ըստ նախարարի, ադրբեջանական մամուլը անհարկի աղմուկ է բարձրացնում: