Ցեղասպանության գիտաժողովի կազմակերպիչը հրավիրվել է Թուրքիայի դեսպանատուն

Չեխական «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հրավիրվել է թուրքական դեսպանատուն` Պրահայում ցեղասպանություններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպելուց օրեր անց:

«Ազատություն» ռադիոկայանին՝ իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Շիմոն Կրբեցը թուրքական դեսպանատուն է այցելելու հունիսի 27-ին: Թե ինչ նպատակով են Կրբեցին հրավիրել Չեխիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն` դեռ հայտնի չէ:

Շիմոն Կրբեցի ղեկավարած «Չարիքի հնէաբանության» կենտրոնի կազմակերպած գիտաժողովը, որ անցել է հունիսի 18-20-ը Պրահայում, նվիրված է եղել ցեղասպանությունների ընթացում ընդվզման, ինքնապաշտպանության և դիմադրության պատմություններին և կրում էր «Մուսա լեռները» խորագիրը: Կազմակերպիչները 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ մուսալեռցիների դիմադրությունն համարել էին նաև այլ ժողովուրդների մաքառումի խորհրդանիշ: Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի ականավոր մասնագետներ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Գերմանիայից և Լեհաստանից:
Մուսա լեռան դիմադրության մասին պատմող զեկույցով ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը, ով ինքը ցեղասպանությունից փրկված մուսալեռցիների ժառանգ է:

Տեսանյութեր

Լրահոս