Բաժիններ՝

«Հայաստանը չի դառնա թիրախ ՆԱՏՕ-ի համար՝ Ռուսաստանի հետ ՀՕՊ համաձայնագիրը կնքելու պատճառով». ՆԱՏՕ-ի պաշտոնյա

«ՆԱՏՕ-Հայաստան երկկողմանի հարաբերություններն ուրվագծում է հենց հայկական կողմը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան միասնական ՀՕՊ համակարգի ձևավորմանն ու ՆԱՏՕ-ի կողմից դրա գնահատականին ու ընկալմանը:

Հարցին, թե՝ այս համակարգը չի՞ ընկալվում արդյոք՝ որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի կողմից՝ Հայաստանին դարձնելով պոտենցիալ թիրախ ՆԱՏՕ-ի համար, Լահյուն պատասխանեց. «Ոչ»: Նա նշեց, որ Հայաստանը չի դառնա թիրախ ՆԱՏՕ-ի համար, որովհետև չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը հիմնված է հավաքական անվտանգության և ոչ թե՝ կոլեկտիվ հարձակողականության վրա:

«Ուստի այն փաստը, որ ինչ-որ երկիր ստորագրել է ինչ-որ պայմանագիր մեկ այլ երկրի հետ, հարձակողական գործողություն չէ, այլ պաշտպանողական: Ի լրումն՝ ասեմ, որ դաշինքի սկզբունքային արժեքը հետևյալն է՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի որոշել իր սեփական անվտանգության շրջանակները, իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Մի մոռացեք, որ ՆԱՏՕ-ն՝ որպես կառույց, առանձին որոշումներ չի կայացնում, այլ կատարում է այն որոշումները, որոնք կայացնում են ինքնիշխան պետությունները:

Սա հսկայական, ահռելի մեծ տարբերություն է: Եթե որևէ երկիր ուզում է միանալ մեր միությանը կամավոր, մենք դա ընդունում ենք, կարող է նաև դուրս գալ: Կան նման օրինակներ: Ոչ մեկը ոչ մեկին չի պարտադրում, և Հայաստանն ունի իր ինքնիշխան իրավունքները, ունի իրավունք՝ ինքնուրույն որոշումներ կայացնել իր պաշտպանական կարողությունների հարցում, և սա ոչ մի կերպ չի կարող ազդել Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերության վրա: Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր ինքն է որոշում իր պաշտպանական և անվտանգության հարցերը: Այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հակաօդային համաձայնագիր ունի, չի ազդում ՆԱՏՕ-Հայաստան երկկողմանի հարաբերությունների վրա»,- պարզաբանեց Ուիլյամ Լահյուն՝ շարունակելով, որ իրականում այս երկկողմանի հարաբերություններն ուրվագծում է հենց հայկական կողմը:

Կարդացեք նաև

Նրա հստակեցմամբ՝ ՆԱՏՕ-ն ունի համագործակցության հստակ շրջանակներ, որոնց շուրջ համագործակցում է իր դաշնակիցների հետ, և Հայաստանն օգտագործում է այդ շրջանակը՝ նպատակադրելով իրականացնել իր արտաքին քաղաքական և անվտանգության նպատակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս