Ղարաբաղի հարցը լուծվում է. ով ավելի շատ կզիջի

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը: «Նախագահ Օբաման հայտնել է իր պատրաստակամությունը՝ ինտենսիվացնել ջանքերը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ հասնելու հակամարտության համապարփակ կարգավորման»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Դրանից առաջ նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Պուտինը տեղեկացրել է Օբամային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Կրեմլի հաղորդմամբ՝ Օբաման «բարձր է գնահատել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը»:

Հաշվի առնելով Ռուաստան-ԱՄՆ սրված հարաբերությունները՝ այս հեռախոսազրույցն անգամ սենսացիոն կարելի է համարել՝ այն իմաստով, որ երկու երկրները՝ ունենալով սկզբունքային տարաձայնություններ մի շարք առանցքային խնդիրների վերաբերյալ, նախագահների մակարդակով հեռախոսազրույցում քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Դա, շատ մեծ հավանականությամբ, կարող է նշանակել մի բան. ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կամ գտնվել է, կամ շատ մոտ է վերջնական հանգրվանին, այնքան մոտ, որ գուցե վերջին «շտրիխները» համաձայնեցվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների մակարդակով:

Պետք է հիշել նաև, որ ապրիլյան պատերազմից հետո ինտենսիվ շփումներ, հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Կրկին՝ համաշխարհային մյուս հարցերում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տարակարծությունների պահպանման պայմաններում:

Տպավորություն է, որ մնացած հարցերում ունենալով այդ տարաձայնությունները, երկու երկրներն ընդհանուր հայտարարի են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի ամիս հետո ավարտում է նախագահության երկրորդ ժամկետը, պետք չէ բացառել, որ նա ցանկանում է հեռանալուց առաջ, որպես իր նախագահության ձեռքբերում, գրացնել Հարավային Կովկասի ամենապայթյունավտանգ հակամարտության լուծումը:

Ինչ պայմաններով կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հարցի լուծումը, դժվար է ասել:

Դատելով նրանից, որ մի կողմից՝ ամերիկյան կողմը, եվրոպական կողմի հետ միասին, տևական ժամանակ առաջ է քաշում շփման գծում հետաքննիչ մեխանիզմի ներդրման հարցը, ինչին դեմ է Ադրբեջանը՝ Ռուսաստանի լուռ աջակցությամբ, մյուս կողմից՝ «ռուսական պլանը», նախատեսում է ազատագրված մի քանի տարածքների վերադարձ՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվեի դիմաց (հայկական կողմը պնդում է հակառակ հաջորդականության մասին, այսինքն՝ հանրաքվե, հետո՝ տարածքների վերադարձ), կարելի է ենթադրել, որ, ի վերջո, եթե համաձայնությունը կայանա, կկայանա միջանկյալ որևէ տարբերակի շուրջ:

Ըստ ամենայնի, հայկական կողմը կվերադարձնի ոչ թե միանգամից 5 շրջան, ինչպես նախատեսում է «ռուսական պլանը», այլ, ասենք, 2 կամ 3, ինչի դիմաց ավելի կորոշակիացվեն Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման դետալները՝ ժամկետ, ընդգրկման տարածք և այլն:

Եվ ամենաէականը. անկախ նրանից, այս պահին թվացյալ համաձայնությունն ի վերջո կդառնա՞ խաղաղության պայմանագրի հիմք, թե՞ ոչ, Օբամա-Պուտին հեռախոսազրույցը չափազանց կարևոր է այն առումով, որ հօդս է ցնդեցնում բոլոր այն գնահատականները, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անցել է Ռուսաստանի նախաձեռնությանը:

Օբամայի աջակցությունը Պուտինին նշանակում է, որ, եթե անգամ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ձևաչափ զարգացնելու ռուսական փորձ, ապա այն տապալվել է կամ «բերվել» է համանախագահության «շրջանակ»:

Տեսանյութեր

Լրահոս