Բաժիններ՝

Օբաման ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահ Օբաման հայտնել է իր պատրաստակամությունը՝ ինտենսիվացնել ջանքերը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ հասնելու հակամարտության համապարփակ կարգավորման»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը տեղեկացրել է Օբամային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Կրեմլի հաղորդմամբ՝ Օբաման «բարձր է գնահատել Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը»:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը նպաստելու անհրաժեշտությունից»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակը, Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս