ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պատասխանը՝ Անի Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը շորթման մեղադրանքով անազատության մեջ գտնվող Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ հաղորդագրություն է տարածել:

«Դեսպանությունը չէր պլանավորում պատասխանել և որևէ մեկնաբնանություն տալ ակնհայտ զառանցանքին, որ պարունակվում է Analitik.am կայքի տնօրեն Ա. Հովհաննիսյանի հայտարարության մեջ: Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ ԶԼՄ-ներ, հակառակ լրագրողական էթիկայի սովորույթների և պրոֆեսիոնալիզմի, հեշտությամբ վերցրել են աբսուրդ հերյուրանքները, դեսպանությունը ստիպված է նշել հետևյալը:

Առաջին հերթին՝ ազնիվ չէ միջպետական հարաբերությունները շահարկել ինքդ քեզ պաշտպանելու, քո վրայից քրեական արարքը՝ շանտաժը, հանելու համար: Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի «հետաքրքրությունների ոլորտը չի սահմանափակվել միայն ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանով: Այս առնչությամբ հիշվում է խորհրդային ժամանակների սերիական մոլագար Ա. Չիկատիլոն, որը փորձում էր իր կողմից կատարված գազանաբար սպանություններն արդարացնել քաղաքական շարժառիթներով՝ իբր «խորհրդային օկուպացիայի դեմ պայքարով»:

Երկրորդը՝ ըստ Ա. Հովհաննիսյանի տրամաբանության՝ «ագենտ» բառը, որը նրա կողմից օգտագործվում է Տ. Ուրիխանյանի առնչությամբ, կարող է օգտագործվել բոլոր պատգամավորների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց հետ դեսպանությունը կապ է պաշտպանում և ում հրավիրում է ընդունելությունների և նրա կողմից կազմակերպվող այլ միջոցառումների:

Դա բացարձակ ընդունելի չէ երկու եղբայրական պետությունների միջև:

Երրորդ՝ Ռուսական դեսպանատան բոլոր աշխատակիցների, և առաջին հերթին՝ դեսպանի պարտականությունների մեջ է մտնում աջակցություն ցուցաբերել հարաբերությունների բազմակողմանի զարգացմանն այն երկրի հետ, որտեղ գտնվում են, այս դեպքում՝ Հայաստանի հետ: Ինտրիգներ նյութելը մեր զբաղմունքը չէ, ինչպես ուզում է ներկայացնել Ա. Հովհաննիսյանը: Այսքանով դեսպանատունն իր համար փակ է համարում այս թեման: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ամբողջությամբ կքննեն այս գործը և կկայացնեն վճիռը՝ գործող օրենսդրության համաձայն»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս