«Հայաստանը ոչ թե կարող է, այլ պարտավոր է ազատվել ռուսական վայրի արջի թաթերից». Պարույր Հայրիկյան

«Մայիսի 28-ը մի քանի սերնդի համար եղել է՝ որպես հավատի, հույսի աղբյուր, որովհետև սովետական բռնապետության տարիներին հիմնական խնդիրը, որով զբաղված էր պետական քարոզչությունը, այն էր, որ հայը հայ չլիներ: Ռափայել Պատկանյանի բնութագրումը բավական հստակ է՝ հայ է նա, ով երազում է անկախ Հայաստանի մասին: 1988թ., երբ Եռագույնն առաջին անգամ ծածանվեց, մայիսի 28-ն էր, դա արել է իմ կազմակերպությունը, ես բանտում էի»,- այսօր հրավիրված ասուլիսին խոսելով մայիսի 28-ի կարևորության մասին՝ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ անկախ ազգությունից, ով պայքարում է Հայաստանի անկախության համար, հայ է. «Եվ ավելի լավ հայ է, քան մի քանի հատոր գրած հայ գրողը, որն անկախության չի ձգտում»:

Հայրիկյանի խոսքով՝ թեև Հայաստանն իրավաբանորեն անկախ է, բայց դե ֆակտո գտնվում է ռուսական տիրապետության տակ: «Պետությունները գործում են նաև իրենց գործակալներով, և ռուսական իմպերիալիզմն իր դավադրությունները մեր ազգի նկատմամբ հաճախ իրականացնում է իր գործակալների միջոցով: Մենք դե ֆակտո մեր անկախությունից հրաժարվել ենք: Գործակալներ են բոլոր նրանք, ովքեր ոչ թե Հայաստանի շահերով են առաջնորդվում, այլ առաջնորդվում են այլ նկատառումներով»,- ասաց նա:

Հարցին՝ մենք կարո՞ղ ենք լիարժեքորեն անկախանալ Ռուսաստանից՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության գլուխ կանգնած, նա պատասխանեց. «Ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք: Անգելա Մերկելը Պուտինին գնահատական տալիս՝ ասում էր՝ այս մարդը նախնադարում է ապրում, խոսում է ազդեցության գոտիների մասին, կարծում է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմը նոր է ավարտվել: Ազդեցություն կարելի է ունենալ տնտեսապես, մշակույթով, քաղաքական մշակույթով, բայց ոչ թե՝ զորքեր մտցնելով կամ գործակալական ցանց ապահովելով: Հայաստանը ոչ թե կարող է, այլ պարտավոր է ազատվել ռուսական վայրի արջի թաթերից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս