Բաժիններ՝

«Ադրբեջանական ագրեսիան, գոնե տնտեսության առումով, իր նպատակին չի հասել». Արծվիկ Մինասյան

Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլ ամսին Հայաստանում հարկահավաքության ցուցանիշների վերաբերյալ հայտարարությանը:

«Նախագահի հայտարարությունը փաստ է: Այն պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ նաև ի պատիվ մեր տնտեսվարողների, չենթարկվեցին ամենատարբեր ասեկոսեների և կատարեցին իրենց պարտավորությունները: Երկրորդը՝ հարկային մարմինն այդ առումով արդյունավետ է աշխատել: Եվ, վերջապես, երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է: Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո, ունենք այսպիսի արդյունք, և դա պետք է դրական դիտարկել: Ավելին ասեմ, մի քանի անգամ շեշտել եմ, որ ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել մեր տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է: Եվ դրա ապացույցներից մեկն էլ հենց նաև այս ցուցանիշներն են»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ զբոսաշրջության ոլորտում առաջին եռամսյակում նախորդ տարիների համեմատ 9 տոկոս աճ կար, ապրիլ ամսվա ընթացքում տեմպի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն հիմա արդեն տեմպը վերականգնվել է. «Սա նույնպես ցույց է տալիս, որ ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել: Գոնե տնտեսության առումով դա վստահաբար ասում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս