Պատերազմ կամ հեղափոխություն

Հայաստանում ինչ-որ բան է փոխվել: Փոխվել է ինչ-որ տեղ՝ խորքում, գուցե հավաքական ենթագիտակցության մեջ: Որքան էլ առանձին վերցրածների գիտակցությունը, կամ այն, ինչ հանդես է գալիս՝ որպես գիտակցություն, փորձում է դիմադրել` համոզելով, որ վերադարձել ենք «բնականոն հուն»: Ապրիլյան պատերազմից հետո բնականոն հուն այլևս չկա: Որովհետև պատերազմի օրերին ու դրանից հետո պարզվեց, որ չկա հուն ընդհանրապես:

Պարզվեց, որ եղածը հունից դուրս եկած է: Որովհետև պարզվեց նաև, որ տարիներ շարունակ իշխանությունը պետությունը հունից դուրս է գցել՝ սեփական հուները լցնելու նպատակով: Ու որքան լցվել են սեփական հուները, այնքան դատարկվել է պետական գանձարանն ու այդ գանձարանի աչքին նայող սպառազինության պահեստարանը: Պարզվեց, որ պահեստները թալանված են եղել:

Հայաստանում ինչ-որ բան իսկապես փոխվել է: Փոխվել է այն աստիճան, որ իշխանությունը գիտակցում է` այդ փոփոխությանը չսպասարկելու դեպքում, այդ փոփոխությունը գործնական, առարկայական քայլերի չվերածելու դեպքում, այն դառնալու է ավերիչ: Ու սա այն պարագան չէ, որ իշխանությունը կարող է մի քանի պաշտոնանկությամբ հերթական անգամ գոլորշի բաց թողնել ու վերադառնալ «բնականոն հուն»: Որովհետև հուն այլևս չկա:

Իշխանությունը մի ճանապարհ ունի` հեղափոխություն:

Էվոլյուցիոն ճանապարհը, որին այդքան սիրում էր հղում անել իշխանությունը, ավարտվել է: Իշխանությունն այդ ճանապարհով հասել է վերջնակետին: Էվոլյուցիոն ճանապարհն ավարտվել է Թալիշում ու Ջեբրաիլում: Դրանից հետո մնում է միայն մի ճանապարհ` հեղափոխություն` պետական կառավարման համակարգի, բանակի, ազգային անվտանգության, իրավապահ մարմինների… բոլորի փոփոխություն`ամենավերջին շարքայինից՝ մինչև ամենաառաջին գեներալը:

Հեղափոխություն՝ առանց վերապահումների, առանց արդարացումների՝ թե պետությունը կցնցվի, թե կադրեր չկան, թե համակարգը կփլվի: Ամենամեծ ցնցումն արդեն եղել է, ամենաապաշնորհ պաշտոնյաներն արդեն հասցրել են առավելագույն վնասը, համակարգերը փլվել են վաղուց` պետությունը կուսակցական կրծքանշանի հետ նույնացնելու ժամանակներից:

Էվոլյուցիոն ճանապարհը, որին այդքան սիրում էր հղում անել իշխանությունը, ավարտվել է, որովհետև իշխանական համակարգն այդ ճանապարհով հասել է էվոլյուցիայի բարձրագույն աստիճանի` դեգրադացման: Եթե բանակն 80-ականների զենքով կարողացել է դիմակայել հակառակորդի ագրեսիային, ապա պետությունն այլևս ի վիճակի չէ դիմակայել պետություն մնալու մարտահրավերներին` շմայսների հայհոյանքով ու շարմազանովական հայրենասիրությամբ լցված խորհրդարանով ու ռուսասերների սեկտայի վերածված Արտգործնախարարությամբ:

Էվոլյուցիոն ճանապարհը, որին այդքան սիրում էր հղում անել իշխանությունը, ավարտվել է: Ավարտվել է ժամանակային ու նյութական այն ռեսուրսը, որն իշխանությանը թույլ էր տալիս գոյատևել պետության անգոյության հաշվին:
Էվոլյուցիոն ճանապարհի ավարտը որևէ այլ, քաղաքական համակարգ ունեցող երկրում կնշանակեր՝ նաև իշխանության ավարտ, որովհետև իշխանության տապալած էվոլյուցիային փոխարինելու կգար հեղափոխությունը` դասական իմաստով: Բայց քանի որ Հայաստանում քաղաքական համակարգ` որպես այդպիսին, և ընդդիմություն` որպես քաղաքական համակարգի բաղադրիչ, չկա, իշխանությունն ինքը հեղափոխություն անելու եզակի հնարավորություն ունի:

Այլընտրանքը պատերազմն է: Ո՛չ միայն Լեռնային Ղարաբաղում:

Տեսանյութեր

Լրահոս